Ժաննա Ֆրիսկեի համար հավաքված գումարից ավելի քան 2 մլն ռուբլի կտրամադրվի 6-ամյա Ռաֆայել Պետրոսյանի բուժման համար. rusarminfo.ru
«Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամը մտադիր է հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքից ստացած ավելի քան 7,9 մլն ռուբլին ծախսել չարորակ ուռուցք ունեցող 4 երեխաների պրոտոնային թերապիայի համար, գրում է rusarminfo.ru-ն:
Այդ երեխաների թվում է նաև Կրասնոդարի երկրամասից 6-ամյա Ռաֆայել Պետրոսյանը: Բարեգործական կազմակերպությունը տղայի բուժման համար կտրամադրի ավելի քան 2 մլն ռուբլի:
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեին ուղղված օգնության ակցիան մեկնարկել էր 2014 թվականի հունվարին: Երգչուհու բուժման համար, որի մոտ գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, հավաքվել էր ավելի քան 69 մլն ռուբլի: Այս գումարից ավելի քան 11 մլն-ը հիմնադրամը փոխանցել էր հիվանդանոցային ծախսերի վճարումների համար, ևս 32 մլն-ը՝ 9 երեխայի բուժման համար:
2014 թվականին մնացյալ գումարը փոխանցվել էր երգչուհու բանկային հաշվին, սակայն նրա մահից հետո ծնողները հրաժարվել էին վերադարձնել մնացած գումարը: Դատարանի որոշմամբ՝ 2019 թվականին հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 7,9 մլն ռուբլի:
Երգչուհին մահացել է 2015 թվականի ամռանը:










