Սիրիական ընդդիմադիր դաշինքի զինյալներն առևանգել են պետական հեռուստաալիքի լրագրողին
Սիրիայի պետական Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինյալներն առևանգել և անհայտ ուղղությամբ են տարել հեռուստաալիքի լրագրող Մուհամմադ աս-Սագիրին: Լրագրողի գտնվելու վայրի մասին տեղեկություն դեռևս չկա, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա գործընկերը՝ Ահմադ ալ-Համդուշը եթերում ասել է Աս-Սագիրը նկարահանումներ էր իրականացնում Հասեկե քաղաքի ցորենի դաշտերում, որտեղ հրդեհ էր բռնկվել: Նրա կարծիքով՝ լրագրողը տեսանկարահանել է, որ զինյալները «չեն շտապում մարել հրդեհը», ինչն էլ պատճառ է դարձել նրան առևանգելու համար: Նա նշել է, որ Աս-Սագիրի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրա ճշգրիտ գտնվելու վայրն անհայտ է:
Լրագրողը կարծիք է հայտնել, որ SDF-ն ցանկանում է զրկել սիրիական իշխանություններին ցորենի պաշարներից, և նրանց գործողությունները «Սիրիայի իշխանության դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի միջոցներից մեկն են»:
Նշվում է, որ դաշինքի զինյալները վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքները և համագործակցում է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի հետ: Հասեկե և Քամիշլի քաղաքները գտնվում են Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո:










