«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության աշխատակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

19:46 • 06.06.19

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության 7 երկրի շուրջ 120 ղեկավար և աշխատակից՝ ընկերության գործադիր տնօրենի և Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Գագաթնաժողովի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին «Հավերժական կրակի» մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Պատճառը, որ իմ ընտանիքը Հայաստանում չէ, Ցեղասպանությունն է: Մենք միջոցառում անցկացրինք և բոլոր տնօրեններին աշխարհի տարբեր կետերից բերեցինք այստեղ, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ է Հայաստանը և ծանոթանան դրա պատմությանը: Չի կարելի ուղղակի մի կողմ դնել այն միտքը, ինչ տեղի է ունեցել:

Օգտվելով առիթից, որ Հայաստանում էինք, եկանք հուշահամալիր և մեր գործընկերների հետ հարգանքի տուրք մատուցեցինք Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մեր գործընկերներին ցույց տալով Հայաստանի պատմությունը, որպեսզի նրանք էլ մյուսներին պատմեն այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասաց Մարտին Էռնեկյանը:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին այցելել «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի ղեկավարներն ու աշխատակիցները։ Մեծ Եղեռնի պատմությանն ավելի մոտ ծանոթանալու նպատակով գագաթնաժողովի մասնակիցները շրջայց կատարեցին նաև Ցեղասպանության թանգարանում: «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունը կառավարում է աշխարհում գործող 52 օդանավակայան:  2017 թվականի դրությամբ ընկերությունը սպասարկել է 77 միլիոն ուղևորի: