Ուղղում ենք մեր հայրենակիցների սխալները, որոնք տանում են բաժանման. Նարեկ Մանթաշյանը՝ իրենց ակցիայի մասին (տեսանյութ)
«Այլընտրանք» ՀԿ-ն այսօր ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց հաջակցություն Արցախի ժողովրդի և օրինական իշխանությունների ակցիա անցկացրեց:
«Մենք նամակ հանձնեցինք Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանին, նա ասաց, որ մեր ձայնը կհասնի Արցախի տնիշխանություններին և ժողովրդին: Նամակ հանձնեցինք, որովհետև վերջին շրջանում տարբեր շրջանակների կողմից շատ վտանգավոր ուղերձներ են հնչում արցախցի-հայաստանցի բաժանարար քաղաքականության մասին»,– ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
«Մենք այս ակցիայով Արցախի ժողովրդին և նրա օրինական իշխանություններին փորձեցինք ցույց տալ և ապացուցել, որ ՀՀ բնակչության տրամադրություններն ամենևին չեն համընկնում այդ ուղերձների հետ և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, և հուսամ նաև ապագայում արցախցին հայ է, հայը արցախցի է և մեր մեջ չկա ազգամիջյան որևէ տիպի բաժանումներ»- ավելացրեց նա:
Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ բաժանարար գծերի օրինակ են, երբ աններկա ու անանցյալ մարդիկ իրենց թույլ են տալիս հայտարարություն անել, որ Արցախի նախագահի գլուխը կարող են քարով «բացել»:
«Տարբեր հայտարարություններ լսում ենք քաղաքական բարձր էշելոնի իշխանության կողմից, որ ՀՀ վարչապետն Արցախի նախագահի հետ սկսել է մամուլի միջոցով շփվել: Սրանք վտանգավոր ուղերձներ են»,- ընդգծեց Նարեկ Մանթաշյանը:
Նա նաև ասաց, որ այսօր առավել, քան երբևէ Հայաստանը պետք է միասնական լինի Արցախի հետ, քանի որ Արցախը լուրջ վտանգի առջև է կանգնած: Մանթաշյանն ընդգծեց նաև այն փաստը, որ ներքաղաքական տարբեր վայրիվերումների հետևանքով ականատես ենք, որ հակառակորդի մամուլը անընդհատ անդրադառնում է Հայաստանի և Արցախի ղեկավարության միջև առկա կոնֆլիկտին:
«Մեր հակառակորդին չուրախացնելու համար մենք հիմա փորձում ենք ՀՀ-ում ուղղել մեր հայրենակիցների սխալները, որոնք տանում են դեպի բաժանման»,- եզրափակեց Նարեկ Մանթաշյանը:










