ՄԱԿ-ի բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար Հայաստանը ներառվել է պատվո ցանկում. Զ. Մնացականյան

15:28 • 06.06.19

Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է կազմակերպության պատվո ցուցակում: Այսօր ՀՀ պետական բյուջեի կատարման մասին 2018-ի հաշվետվության տարեկան քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանից բացի, 193 անդամ երկրներից այս ցանկում են միայն 48-ը:

«Նախորդ տարի Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցուցակում` կազմակերպության կանոնավոր բյուջեի ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին փոխանցվել է 145 հազար 843 ԱՄՆ դոլար` որպես տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ներառվում են այն պետությունները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրում ամբողջությամբ վճարում են անդամակցության վճարները»,-մանրամասնեց Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը  տեղեկացրեց, որ 2019-ից փոփոխվել է Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին՝ 0.006 տոկոսից դառնալով 0.007 տոկոս: Միևնույն ժամանակ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց նախնական կանխատեսումներ։

«Միջազգային կազմակերպությունների գծով՝ մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին և այլ կառույցներին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող ենք ունենալ մինչ 30 տոկոս աճ` պայմանավորված վերոնշյալ տոկոսային աճով»,- եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը։