Բռնության կոչեր անողները կարժանանան ոստիկանության, իրավապահ կառույցների կոշտ միջամտությանը. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)
Բռնության կոչեր անող քաղաքացիները կարժանանան ոստիկանության, իրավապահ կառույցների կոշտ միջամտությանը՝ օրենքի սահմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Համակարծիք եմ վարչապետի հետ, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, ինքնադրսևորվել, ցույց են տալիս, որ կարող են ամեն ինչ անել Հայաստանում, բայց վստահեցնում եմ, որ դա իրենց կարծիքն է: Հայաստանում որևէ մեկը չի կարող... բռնության կոչեր անողները կարժանանան ոստիկանության, իրավապահ կառույցների կոշտ միջամտությանը՝ օրենքի սահմաններում»,- նշեց նա:
Խոսելով կառավարության նիստում վարչապետի հնչեցրած մտքի մասին, թե «սևազգեստ մարդկանց հարցը պետք է լուծել», Օսիպյանն ասաց. «Վախենալու մթնոլորտ չկա, մեր քաղաքացիներն ապահով են, Հայաստանի Հանրապետությունն ապահով երկրներից մեկն է: Օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:
Լրագրողներին հարցին, թե ովքեր են «սևազգեստ մարդիկ», նա պատասխանեց. «Օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման»:
Վալերիյ Օսիպյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ չի արել ոստիկանությունը, որը կուզենայիք տեսնել. «Ես վարչապետի հետ առանձնազրույց եմ ունեցել, բայց չեմ կարող տեղեկություններ հրապարակել»:
Նա նաև չպատասխանեց հարցին՝ դժգո՞հ է վարչապետը իրենից, թե ոչ:
Վարչապետի հանձնարարականի մասին, թե պետք է ավելի կոշտ լինել բռնության քարոզ անողների նկատմամբ, Վալերիյ Օսպիյանը նշեց. «Ոստիկանությունն արել է ու անում է ամեն ինչ օրենքի սահմաններում: Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ: Ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»:
Ըստ նրա՝ նախորդ տարիներին էլ եղել է, որ «ավտոմեքենաներով մտնեն ճռռիկներ անեն»: «Այսօր գիշերն էլ արձանագրություն է կազմվել: Քաղաքացիներ են, որ մտածել են, որ կարող են մտնել Ազատության հրապարակ: Ազատության հրապարակի մուտքերը պահպանվում են մինչև 24:00, որից հետո մուտքերն ազատ են: Մենք բազմիցս դիմել ենք ՏԻՄ մարմիններին, որ ապահովեն արգելապատնեշներ, բայց փաստորեն կան այնպիսի քաղաքացիներ, որ 24:00-ից հետո մտնում են Ազատության հրապարակ: Նրանք խստորեն կպատժվեն, կտեսնեք»,- հավելեց նա:










