Ամերիկացին մարգարեություն պարունակող թխվածքաբլիթի օգնությամբ վիճակախաղով մոտ 345 մլն դոլար է շահել
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի թոշակառու բնակիչ Չարլզ Ջեքսոնը Powerball վիճակախաղով 344,6 մլն դոլար է շահել։ ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, շահող թվերը տղամարդը տեսել է մարգարեություն պարունակող թխվածքաբլիթի հակառակ կողմում, որն իրեն նվիրել էր թոռնուհին։
Վաթսունվեցամյա Չարլզն անմիջապես չի հասկացել, որ շահել է ջեքփոթը։ Սկզբում նա կարծել է, թե 6 թվերից միայն 5-ն է կռահել, և իր շահումը 50 000 դոլար է կազմել, և որոշել է ստուգել համացանցում։
Վիճակախաղի երջանիկ հաղթողը հրաժարվել է ամբողջական գումարի մաս-մաս վճարումներից և որոշել է միանգամյա վճարմամբ ստանալ գումարը, որը պահումներից ու հարկային վճարումներից հետո 158 մլն դոլար է կազմել։ Ջեքսոնը հույս է հայտնել, որ նման խոշոր շահումը մեծապես չի փոխի իրեն և իր ընտանիքի անդամներին։
«Կարծում եմ՝ ոչ մի մեծ փոփոխություն տեղի չի ունենա։ Ուզում եմ ասել, որ կշարունակեմ ջինսե տաբատ հագնել, պարզապես երևի մի քանի նոր տաբատ կգնեմ»,- կատակել է թոշակառուն։
Շահած գումարի մեծ մասը տղամարդը մտադիր է բարեգործության հատկացնել, իսկ եղբորը 1 մլն դոլար կտա, որպեսզի կատարի նրանց հին պայմանավորվածությունը, այն է՝ եթե նրանցից որևէ մեկը վիճակախաղում շահի, մյուսին այդքան գումար կնվիրի։ Նորաթուխ միլիոնատերը նաև կնոջ հետ Վիետնամ կմեկնի։










