Բռնությունից զերծ հասարակություն ունենալու հարցում արվեստի դերը չափազանց մեծ է. վարչապետը շնորհավորեց կոնսերվատորիայի նորընտիր ռեկտորին

11:22 • 06.06.19

Այսօր կառավարության հերթական նիստին ներկայացվեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները, ըստ որոնց՝ ռեկտորի պաշտոնում ընտրվել է Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանը:

Ըստ աշխատանքային պայմանագրի՝ նա նշանակվեց 5 տարի ժամկետով, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:  

Ըստ հիմնավորման՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել  էր երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը:  2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8:

Հիմք ընդունելով կանոնադրության վերոնշյալ դրույթները՝ կոնսերվատորիայի խորհրդը որոշում է կայացրել Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանին ընտրել կոնսերվատորիայի ռեկտոր:
 
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը»։  

Վարչապետը շնորհավորեց Սոնո Հովհաննիսյանին և շնորհակալություն հայտնելով նշեց, որ կոնսերվատորիայում կառուցվածքային փոփոխություններ կան, որոնք դեռ ավարտված չեն: «Ակնկալում եմ կառավարության աջակցությունը և միջնորդությունը, քանի որ 70-ականներից նորոգման չի ենթարկվել, բայց մենք դրա կարիքն ունենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կառավարության համար կարևոր է բռնությունից զերծ հասարակություն ունենալը, ինչը չի նշանակում թույլ հասարակություն: «Այս առումով հասկանում ենք արվեստի դերը չափազանց մեծ է, և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում, ինչը կարևոր է»,-ասաց նա և նշեց, որ թեև մշակութային կառույցներն առանձին օղակ են դիտարկվում, սակայն, ընդհանուր առմամբ, կարևոր են պետական կյանքի կազմակերպման, բարոյահոգեբանական, հանրության փոհարաբերությունների առումով: