ԱՄՆ-ում աշխատանքից հեռացրել են Twitter-ի միջոցով դպրոցում ապօրինի ներգաղթյալների առկայության մասին բողոքած ուսուցչուհուն
ԱՄՆ Տեխաս նահանգի դպրոցներից մեկի ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից, երբ վերջինս Twitter սոցկայքում գրառումներ է արել՝ խնդրելով նախագահ Դոնալդ Թրամփին «դպրոցից հեռացնել Մեքսիկայից եկած ապօրինի աշակերտներին»։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ջորջիա Քլարկը սկսել է սոցկայքում գրառումներ կատարել 3 շաբաթ առաջ։ Նա բողոքել է, որ դպրոցը լի է Մեքսիկայից եկած ապօրինի աշակերտներով, և առաջարկել է հատուկ աշխատակցի կարգել, որն ակտիվորեն կզբաղվի հանրակրթական դպրոցների համակարգից ապօրինի աշակերտներին հեռացնելու գործով։
Մեկ այլ գրառման մեջ ուսուցչուհին նշել է, որ Տեխաս նահանգը չի պաշտպանի ապօրինի ներգաղթյալներին, որոնք հրաժարվում են ամերիկյան դրոշը պատվելուց։
Կինը սկզբնական գրառումներն արել է անանունության սկզբունքով, սակայն ավելի ուշ նշել է իր հեռախոսահամարն ու իրական անունը։
Ներգաղթյալների իրավունքները պաշտպանող մի քանի խմբեր և կազմակերպություններ դատապարտել են Քլարկի գործողությունները, որից հետո դպրոցի խորհուրդը նրա պայմանագիրը խզելու միաձայն որոշում է կայացրել։ Ուսուցչուհին որոշումը բողոքարկելու համար 15 օր ունի։
Նշենք, որ 1982թ․-ին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ հանրակրթական դպրոցները պարտավորվում են կրթել բոլոր երեխաներին՝ անկախ ներգաղթյալի կարգավիճակից։ Դպրոցի աշխատակիցներին արգելվում է երեխաների ծնողներին հարցեր ուղղել ներգաղթյալի կարգավիճակի մասին կամ աշակերտների ընտանիքներին հանձնել իշխանություններին։










