Եվրամիությունը հեշտացրել է մուտքի արտոնագրի տրամադրումը կարգապահ զբոսաշրջիկներին

19:19 • 06.06.19

ԵՄ խորհուրդը հավանության է արժանացրել մուտքի արտոնագրի մասին օրենքում արվող փոփոխությունները, որոնք հեշտացնում են երկարաժամկետ շենգենյան մուտքի արտոնագրերի ստացումն արտասահմանցիների համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ԵՄ խորհրդի պաշտոնական կայքին:

Այժմ մեկ տարով բազմակի մուտքի արտոնագիրը կտրամադրվի այն պայմանով, որ նախորդ երկու տարվա ընթացքում ճանապարհորդը ստացել և օրինական եղանակով կիրառել է երեք արտոնագիր:

Բազմակի մուտքի արտոնագիրը երկու տարով կտրամադրվի այն պայմանով, որ դիմողը ստացել և օրինական ճանապարհով կիրառել է նախկինում մեկ տարով տրամադրված բազմակի արտոնագիրը:

Հինգ տարով բազմակի մուտքի արտոնագիրը կտրամադրվի այն պայմանով, որ դիմողը ստացել և օգտագործել է նախկինում 3 տարով տրամադրված բազմակի արտոնագիրը: