Պահանջում են հեռացնել Կենդանաբանական այգու տնօրենին. կառավարության մոտ բողոքի ակցիա տեղի ունեցավ (տեսանյութ)
11:16
Մենք պահանջում ենք Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, որ նա չլինի կենդանիների կողքն առհասարակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը:
Նա վստահեցրեց՝ կենդանասերների շարժումը բացառապես կրում է հասարակական բնույթ, դրա նպատակն է բարձրաձայնել Երևանի կենդանաբանական այգում տիրող իրավիճակի մասին: Նա նշեց, որ իրենք չունեն կենդանաբանական այգու տնօրենի իրենց թեկնածուն:
«Բազմաթիվ անգամ ասել ենք, որ այդ թեկնածուն պետք է ընտրվի բացառապես խորհրդի կողմից անցկացված մրցույթի արդյունքում՝ կենդանասերները ոչ մի անգամ որևէ թեկնածու չեն առաջադրել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը կաշկանդված է ինչ-ինչ գործոնով, իրենց չի տրամադրում որևէ արդյունք՝ ստուգումների հետ կապված, այդ պատճառով է, որ իրենք շարունակում են իրենց պայքարը կառավարության մոտ:
Նրա կարծիքով՝ կենդանաբանական այգու կենդանիները չեն սատկել, այլ սպանվել են Ռուբեն Խաչատրյանի միջոցով: «Ես ինքս եմ դիմում գրել ոստիկանություն, որ իմ ցուցմունքները տամ, պարզաբանեմ: Կոնկրետ առյուծների պատմության սկզբից էլ տեղյակ եմ, թե ոնց ու ինչ է եղել: Ռուբեն Խաչատրյանը հայտարարել է, որ եվրոպական ստանդարտներով պետք է առյուծներին սպանել, այնինչ դրանք հիվանդ առյուծներ չեն եղել, խնամողները բազմիցս ասել են՝ առյուծները ոտքի վրա են եղել»,- նշեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ պետք է սպաներ, ո՞րն է պատճառը, վերջինս նշեց, դա պետք է իրավաբանները պարզեն: «Ինչո՞ւ է նա տարել, առյուծներին թաղել Ուրցաձորում առանց հերձելու»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է կենդանաբանական այգու տնօրենի այն հայտարարությանը, թե իր դեմ ցույց անողները կենդանիների առուվաճառքով են զբաղված, Արտյոմ Վարդանյանը հակադարձեց, որ Ռուբեն Խաչատրյանը գնել է Արթուր Խաչատրյանի զոոֆաունայից մեծ կրիաներ. «Ռուբեն Խաչատրյանի էությունը դա է»,- հավելեց նա:
10:53
Կենդանասերների խմբի համակարգողը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանաբանական այգին սխալ է կառավարվում և դրա արդյունքում կենդանիների անկում է տեղի ունենում:
«Հավաքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ցանկանում ենք պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրին և ցանկանում ենք պարոն վարչապետի օժանդակությունը այս խնդրի լուծման վերջնական հանգուցալուծումը տալու համար:
Խնդիրը կայանում է նրանում, որ արդեն շուրջ վեց ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որով քննարկվում է կենդանաբանական այգում ստեղծված վիճակը, որը, կարծես թե, մտել է փակուղի: Խնդրում ենք, որ աշխատակազմից որևէ մեկը մեզ ընդունի և հանձնեք նամակը նրանց»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարել է, որ իր դեմ ցույց են անում նրանք, ովքեր ժամանակին զբաղվել են կենդանիների առուվաճառքով, վերջինս նշեց, որ նախ պետք է հասկանալ՝ քրեորեն պատժելի արա՞րք է կենդանիների առուվաճառքը:
Այնուհետև նրանց մոտեցավ կառավարության ներկայացուցիչը, ում էլ հանձնեցին վարչապետին ուղղված նամակը: «Այս հավաքի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ վարչապետի ուշադրությունը հրավիրենք Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցող իրավիճակին, քանի որ շուրջ 8 ամիս շարունակվող հավաքների ընթացքում շոշափելի արդյունք չենք տեսնում: Երևանի կենդանաբանական այգում կատարված ստուգումների արդյունքները գաղտնի են պահում, քաղաքապետարանից արդարանում են, թե ոստիկանությունը քաղաքապետարանին արդյունքները չի տրամադրում»,- ասաց ցուցարարների խմբի համակարգողը:
Կառավարության ներկայացուցիչն էլ նշեց, որ այս խնդրով սա առաջին բողոք-դիմումն է, որ պետք է վարչապետին փոխանցվի:
10:12
Մի խումբ կենդանասերներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։
Ցուցարարները պարզել են «Բացահայտել կենդանասպանին», «Պահանջում ենք հեռացնել պաշտոնից», «Արժանապատիվ կենդանաբանական այգի» և այլ գրություններով պաստառներ։










