Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում խավարասերները վերացվել են, իսկ առնետների հարցով այս պահին զբաղվում են. Հակոբ Կարապետյան (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում խավարասերները վերացվել են, իսկ առնետների հարցով այս պահին զբաղվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Հայտնի է, որ խավարասերները խոնավ վայրերում լինելու սովորություն ունեն: Մենք էլ ֆիքսեցինք, որ Հանրապետության հրապարակի շատրվանների մի հատվածում խավարասերների խումբ կար, և նրանք հիմա այնտեղ չեն: Համապատասխան մասնագետներն այնտեղ երեկ որոշակի աշխատանքներ են տարել»,- հայտնեց Հակոբ Կարապետյանը:
Կից ներկայացված են աշխատանքների լուսանկարները:




Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Սիմոնյանը Հանրապետության հրապարակում արված տեսանյութ է ներկայացրել, որտեղ բազմաթիվ խավարասերներ կային:
Նշենք նաև, որ ֆեյսբուքյան խմբերից մեկում գրառում էր կատարել այն մասին, որ Կողբացի փողոցի շենքերից մեկի վերելակի դիմաց 20-ից ավելի առնետ է հավաքված եղել:
«Առնետների հարցով էլ զբաղվում են հիմա, խնդիրը համատարած է: Կրծողների դեմ պայքար իրականացնող կազմակերպություններն անում են իրենց աշխատանքը, սակայն այդտեղ խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ աղբատար խողովակներում աղբը չի հավաքվում: Իսկ աղբը խողովակներից չի հավաքվում «Սանիտեկ» ընկերության խիստ անբավարար աշխատանքի պատճառով»,- հայտնեց Հակոբ Կարապետյանը:
Նրա տեղեկացմամբ՝ քաղաքապետարանը ձեռք է բերել 5 աղբատար մեքենա, որոնք «Սանիտեկին» օգնում են աղբահանության գործընթացում, սակայն նրանք մաքրում են աղբարկղերում կուտակված աղբը, ոչ թե աղբատար խողովակներինը:










