Ախալքալաքում քաշքշոցի ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն (տեսանյութ)

01:38 • 07.06.19

Ախալքալաքի Ազատության փողոցի սկզբնամասում ոստիկանները ուժով փորձում են ձերբակալել մի քաղաքացու, իսկ քաշքշոցի ժամանակ ոստիկաններից մեկը հարվածում է մեկ այլ քաղաքացու, հայտնել է jnews.ge-ն՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները Mercedes-ից դուրս բերում վարորդին, և փորձում ձերբակալել: 

Ականատեսների խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլիստին: Այդ պահին Mercedes-ի վարորդը կանգ է առել և հարցրել, թե ինչ է պատահել, ինչին ի պատասխան ոստիկաններն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա չի հեռացել և էլի ինչ-որ բան է հարցրել, ինչից հետո էլ նրան ուժով հանել են մեքենայից:

Տղայի հորեղբորը ձերբակալել են, իսկ տատիկը պատմել է, որ թոռանը ծեծել են և նույնիսկ նրա ճակատին ատրճանակ են պահել:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպին: 

«Ժամեր առաջ Ախալքալակում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր:

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառաել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա: Լկտիացած ոստիկաններից մեկը նույնիսկ զենք է պարզել կանանցից մեկի գլխին:

Այս զազրելի միջադեպին պետք է անհապաղ տալ իրավական գնահատական և իրենց լիազորությունների սահմանները ակնհայտ անցած ոստիկանները պետք պատժվեն օրենքի անբողջ խստությամբ»: