Մեր ճանապարհների անվտանգությունն իդեալականից շատ է հեռու․ Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ներկայացրեց իր հաշվետվությունը, սակայն որպես տրանսպորտի նախարար, քանի որ նախարարության գործառույթները նոր են փոխվել։
Հաշվետվությունում նա անդրադարձ կատարեց նաև ճանապարհներին՝ նշելով, որ միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանման համար տրամադրվել է 8,6 մլրդ դրամ, որից 8,5 մլրդը ծախսվել է։ Արշակյանն ուշադրություն հրավիրեց միջպետական ու հանրապետական ճանապարհների մաքրությանը և գծանշումների հստակության վրա։
«Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ մեր ճանապարհների անվտանգությունն իդեալականից շատ է հեռու, ինչը պայմանավորված է ֆինանսական առկա միջոցներով։ Գիտեք, որ վարչապետի հանձնարարությամբ այդ ֆինանսական միջոցներն այս տարվա համար ավելացել են, և եկող տարի հանրապետական ու միջպետական ճանապարհներին բոլորվին այլ պատկեր կունենք»,- ասաց նա։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման միջոցառման ճշտված պլանը 6 մլրդ դրամ է եղել, որից 5,7 մլրդ դրամը ծախսվել՝ 97,8 տոկոս կատարողականով։










