Կառավարությունից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին գումարներ հատկացվել է սկսած 2006-2007-ից․ Փաշինյանը, որևէ նախարար գումարի հատկացման հետ կապ չունեն․ Աշոտ Բլեյան

22:41 • 07.06.19

Կառավարության կողմից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման համար գումարներ հատկացվել է սկսած 2006-2007 թթ.-ից: Նիկոլ Փաշինյանը և ոչ մի նախարար գումարի հատկացման հետ կապ չունեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Նրա խոսքով՝ կրթահամալիրն իրականացնում է հեղինակային կրթական ծրագրեր՝ սկսած նախադպրոցականից, վերջացրած կրտսեր, միջին, ավագ, արտադպրոցական կրթության ծրագրերից։ Ծրագրերի մշակման և կազմակերպման հեղինակները կրթահամալիրի ուսուցիչներն են:

«Մենք ունենք արտադպրոցական հաստատության լայն ցանց՝ երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, մարզադպրոց, ուսումնական ագարակ, հիմա նաև արդեն խաղողի և գինու դպրոց և այլն: Եվ նախադպրոցական՝ 2-5 տարեկանների նախակրթարանների ցանց, 400-ից ավելի երեխա ունենք: Այսինքն՝ այս գումարը տրվել է խիստ նպատակային։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը եզակի է Հայաստանում, որն իրականացնում է հեղինակային կրթական ծրագրեր։

Եվ այդ գումարը տրվել է բյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրերով, այսինքն, հաստատված միասնական մեթոդիկայով: Ամենամյա միջնաժամկետ ծախսային ծրագրերով հիմնավորել ենք, ներկայացրել մեր առաջարկները, դրանք ընդգրկվել են նախարարության հայտերում, ընդ որում՝ սկսած Սերգո Երիցյանից, Արմեն Աշոտյան, Լևոն Մկրտչյան։ Դա կապված չէ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ նրա երեխաների, ո՛չ նախարարների, ո՛չ որևէ կառավարության հետ։ Ուղղակի այս անգամ թյուրիմացություն է եղել, գումարը հատկացվել է 2 անգամից, մի անգամ մինչև օգոստոս, մի անգամ էլ կառավարության այս որոշումով, որն առաջացրեց այս աղմուկը»,- նշեց Աշոտ Բլեյանը։

Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց 117 մլն դրամ հատկացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։ Ըստ որոշման նախագծի՝ բյուջեից հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության, կրթահամալիրի կրտսեր-դպրոց պարտեզներում՝ նախադպրոցական ուսուցման ծրագրեր:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մասնավոր կրթական կենտրոն է, և կառավարության այս որոշումից հետո տեսակետներ սկսեցին շրջանառվել, թե սա այն պատճառով, քանի որ այստեղ են սովորել վարչապետ Փաշինյանի երեխաները։ Այս պահին Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանն է հաճախում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։