Նախագահական օդանավով Ուկրաինա են վերադարձել 10 երեխաները, որոնց մայրը ձերբակալվել է Վրաստանում՝ երեխաներին վաճառելու փորձի մեղադրանքով (լուսանկարներ)
Տասը ուկրաինացի մանկահասակ երեխաները, որոնց մայրը ձերբակալվել և կալանավորվել է Վրաստանում՝ իր երեխաներին վաճառելու փորձի մեղադրանքով, վերադարձել են Ուկրաինա՝ տատիկ-պապիկի մոտ: Ինչպես հաղորդում է ru.tsn.ua-ն՝ Ուկրաինայի նախագահական ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում:
Քանի դեռ երեխաների մայրը գտնվում է Վրաստանում՝ կալանքի տակ, նրանց խնամքով կզբաղվեն տատիկն ու պապիկը:
Երեխաներին դիմավորելու եկած պապիկը՝ Իվան Տրոֆիմչուկն ասել է, որ չի հավատում դստեր նկատմամբ մեղադրանքին:
«Անհեթեթ մեղադրանք է, մարդու մտքին էլ նման բան չի գա: Դուք տեսե՞լ եք, որ ծնողները երեխաներին վաճառեն օրգանների համար»,- ասել է նա:
Ապրիլի 27-ին հաղորդվել էր, որ Վրաստանում ձերբակալվել է վրացական ծագմամբ Ուկրաինայի 37-ամյա քաղաքացուհի՝ երեխաների վաճառքի փորձի կասկածանքով:
Լրատվամիջոցները նշում են, որ 10 երեխաներից 3-ին կինն ինքն է լույս աշխարհ բերել, իսկ 7-ին՝ փոխնակ մայրերը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
![]()
![]()










