86 վիրահատություն 20 տարում. ամերիկուհին ցույց է տվել, թե ինչի է հանգեցրել տարիներով արհեստական արևայրուք ընդունելը (լուսանկարներ)
ԱՄՆ Թենեսի նահանգի բնակչուհի 43-ամյա Լիզա Փեյսը ցույց է տվել, թե ինչ հետևանքների է հանգեցրել արհեստական արևայրուքի նկատմամբ իր սերը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Լիզան սկսել է արհեստական արևայրուք ընդունել դեռ դպրոցական տարիներին, ընդ որում՝ նա դա արել է գրեթե ամեն օր: «Մարդիկ ասում էին, որ հրաշալի տեսք ունեմ և շատ թուխ եմ: Դա ինձ միայն քաջալերում էր»,- պատմել է կինը:
2000թ.-ին՝ 23 տարեկան հասակում, կնոջ մոտ մաշկի մելանոմա տեսակի քաղցկեղ է հայտնաբերվել: Առաջին բուժումներից հետո Լիզան շարունակել է արհեստական արևայրուքի սրահներ այցելել, սակայն շուտով նրա մոտ կրկին ախտանշաններ են ի հայտ եկել, և վերջին 20 տարիներին նա արդեն 86 անգամ վիրահատվել է:
«Պատկերացում չունեի, որ արևայրուքը կարող է մաշկս այդքան վնասել: Գովազդներում երբեք չէի լսել, որ զգուշացնեն մաշկի քաղցկեղի մասին, համացանցային ոչ մի հարթակում դրա հետևանքների ու վտանգների մասին ոչ մի նախազգուշացում չկա»,- ասել է ամերիկուհին:
Այժմ կինը միշտ արևապաշտպան քսուք է օգտագործում, իսկ դուրս գալիս գլխարկ ու երկար թևքերով շապիկ է կրում, ինչպես նաև ամեն օր մաշկի ստուգումներ է անցնում:
















