Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքի քննության նիստը հետաձգվեց  

12:30 • 07.06.19

ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ այսօր հետաձգեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքի քննության դատական նիստը։ 

Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի՝ Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին միջանկյալ ակտը։

Tert.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ այսպես թե այնպես, դատը հետաձգվելու էր, որովհետև բողոքը ներկայացվեց և դատախազությանը ժամանակ չմնաց դիրքորոշում հայտնելու։ Բացի այդ, ըստ նրա, պաշտպանական կողմը պակաս փաստաթղթեր պետք է ներկայացնի։

«Հետաձգվեց երեքշաբթի օրը, առավոտյան ժամը 10:00»,-տեղեկացրեց նա։

Արսեն Մկրտչյանը նշեց, որ բողոքի հետ մեկտեղ պաշտպանական կողմը նաև գրավի միջնորդություն է ներկայացրել։ «Եթե, այնուամենայնիվ, դատարանը կգտնի, որ կալանավորումը՝ որպես խափանման միջոց իրավաչափ է, ապա առաջարկում են քննարկել հնարավորությունը գրավի թույլատրելիության վերաբերյալ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա նրա փաստաբանը նշեց՝ վատ է։ «Լավ չի, ծանր է»,-ասաց նա և հավելեց, որ Գրիգորյանը շարունակում է գտնվել հիվանդանոցային վերահսկողության տակ։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել էր և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: