Պենտագոնի ղեկավարը կասեցնում է F-35 կործանիչները կառավարել սովորող թուրք օդաչուների վերապատրաստումը

21:53 • 07.06.19

ԱՄՆ պաշտպանության նախարար Պատրիկ Շանահանը զգալի քայլեր է իրականացնում՝ ուղղված F-35 կործանիչների նախագծից Թուրքիային դուրս թողնելուն՝ պայմանավորված ռուսական զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու Անկարայի մտադրությամբ:

Ինչպես փոխանցում է Foreign Policy-ն, Շանահանն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին հայտնել է, որ ներկա պահին ԱՄՆ-ում վերապատրաստում անցնող 42 օդաչուները մինչև հուլիսի 31-ը պետք է հեռանան երկրից, իսկ նոր օդաչուների համար ուսուցումը դադարեցվում է:

«Թուրքիան դեռ կարող է փոխել իր միտքը S-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու հարցում, որոնք, ինչպես նախատեսվում է, Թուրքիա կհասնեն այս ամսվա վերջին, այդ ժամանակ F-35 կործանիչներով ուսուցմանն առնչվող քայլերը կվերանայվեն», - պարբերականին ասել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ավագ պաշտոնյան:

Միացյալ Նահանգներն արդեն դադարեցրել է F-35 կործանիչների բաղադրամասերի և հարակից սարքավորումների մատակարարումը Թուրքիա: Նշվում է, որ առանց ամերիկյան վերապատրաստման ապագայում թուրք օդաչուները չեն կարողանա կառավարել վերոնշյալ կործանիչը:

Մինչ այդ Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին գործնականում կասեցվում է մինչև հուլիսի 31-ը: