«Էխո Մոսկվի» ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպից հետո Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է (տեսանյութ)

03:23 • 07.06.19

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանում իրավաբան, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի կողմնակից Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացվել է, հաղորդում է RT-ն:

Ավելի վաղ, Սիմոնյանը Telegram-ում գրել էր, որ եկել է ռադիոկայան հարցազրույցի և մուտքի մոտ հանդիպել իրեն սպասող Սոբոլին՝ տեսախցիկը ձեռքին:

Հրապարակված տեսանյութում Սոբոլը խնդրում է Սիմոնյանին մեկնաբանել տեղեկությունը, թե Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իբր «բնակարաններ է բաժանում իր ենթականերին»:

Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել և նշել, որ հարցազրույցի համար պետք է պայմանավորվել մամուլի ծառայության հետ: Նավալնիի կողմնակիցը շարունակել է պնդել, որ Սիմոնյանը պատասխանի իր հարցին, սակայն RT-ի գլխավոր խմբագիրն ասել է, որ չի ցանկանում խոսել Սոբոլի հետ և խնդրել է ռադիոկայանի աշխատակազմին հեռացնել, քանի որ իրեն նյարդայնանալ չի կարելի:

Սիմոնյանի խոսքով՝ ռադիոկայանի աշխատակիցներն ասել են, որ Սոբոլը նրան մուտքի մոտ սպասել է մոտ կես ժամ, հետո սկսել է նրա հետևից քայլել միջանցքով: Նա նշել է, որ Սոբոլը գեղեցիկ աղջիկ է, բայց անընդունելի է հղի կնոջը հետապնդելով կազմակերպել իր նախընտրական քարոզարշավը:

Նշվում է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը տհաճ միջադեպի համար ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից: