Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբի պետի մեքենան հրկիզելու դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

11:36 • 08.06.19

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետերից մեկի ավտոմեքենան և բնակարանը, նրա որդին այրվածքներ է ստացել:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատայան տալու վերաբերյալ»,-ասաց Հարությունյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս իր էջում անդրադարձել է միջադեպին: «Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում.

Զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։

Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։

Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։

Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»,-գրել է նա։