Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
Մենք տարիներ շարունակ չենք կարողանում էֆեկիվ օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա նշեց, որ գյուղացիները նախկինում արդեն իսկ բարձր վարկավորումներ ստանալով կորցրել են իրենց վարկունակությունը: «Առաջարկվող վարկերը գրեթե անմատչելի է գյուղացիների մեծ մասին՝ սև ցուցակներում լինելու և վարկերի ընթացակարգը անհասկանալի լինելու պատճառով: Բացի այդ, օրինակ՝ տոհմային տավարաբուծության ծրագիր է առաջարկվում այն դեպքում, երբ կերային բազային հնարավորություն է պետք և խիստ հարստացված կեր է պետք, որը չենք կարողանում ապահովել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են վարկ, որի ընթացակարգը պարզ չէ:
Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ մենք ոչ թե պետք է ինչ-որ ծրագիր մեխանիկորեն տեղափոխենք Հայաստան, այլ պետք է տեղայնացնենք: Անդրադառնալով ոռոգման համակարգին՝ պատգամավորը նկատեց, որ երեք հողակտոր ունենալու դեպքում երեքից երկուսը ոռոգելի չեն լինում: Նա նշեց, որ դրա պատճառը հնացված ենթակառուցվածքներն են, ոռոգման համակարգի նախկինում կոռումպացված լինելն է:
«Տարիներ շարունակ գյուղատնտեսությանը հատկացվում էր վառելիք, սերմեր, պարարտանյութ, բայց, քանի որ չարաշահումների փաստեր հայտնաբերվեցին ծրագրերը դադարեցվեց, այնինչ թերություններ հայտնաբերելու դեպքում ոչ թե պետք է ծրագիրը փակել, այլ թերությունները վերացնել: Այս պահին ոչնչով չենք կարողանում օգնել գյուղացիներին, միայն վարկեր ենք առաջարկում, սակայն պետք է այդ օգնությունը առարկայական լինի և վարկային գործակալը պետք է գնա գյուղացու տուն: Ես կարծում եմ, որ մենք գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի»,-ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ առանց գյուղատնտեսության ապահովագրության հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել: Պատգամավորը նաև խնդիր համարեց գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության միացնելը և նշեց, որ կառավարության կառուցվածքը պետք է սպասարկի կառավարության ծրագիրը: «Գյուղանտեսության նախարարության չունենալով՝ ուզում ենք գյուղատնտեսություն զարգացնել»,-ասաց նա:










