Օրենքը խիստ է, թույլ չի տալիս ոլորտի զարգացում, Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա այն մեղմացնելու նախագծով. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր գործակցության ծրագրերի քննարկմանը մասնակցելու համար։
Tert.am-ի հետ զրույցում Ռևազյանը նշեց, որ դրա շրջանակում փորձելու է հնարավոր գործընկերների հետ բանակցություններ վարել՝ Հայաստանը էժան ավիափոխադրողների համար գրավիչ դարձնելու համար։
Հարցին, թե իր պաշտոնավարման սկզբում նշել էր, թե ցանկանում է Հայաստանում ավիացիայի ոլորտում հեղափոխություն անել, ի՞նչ հաջողվեց անել մեկ տարվա ընթացքում, Ռևազյանը պատասխանեց՝ այս մեկ տարվա ընթացքում իրենց հիմնական գործառույթը թռիչքային անվտանգությունն ապահովելն է եղել։
Ասաց՝ նորություններ կան անօդաչու թռչող սարքերի, փոքր ավիացիայի զարգացան մասով, արդեն 2 փոքր օդանավ են բերել Հայաստան, իսկ սեպտեմբերին Կապանի օդանավակայանը կվերագործվի։
«Երիտասարդներ կան, որոնք օդանավեր են բերել Հայաստան։ Մենք շուտով առաջարկելու ենք օրենքի փոփոխություն։ Այժմ օրենքը շատ խիստ է, ինչը թույլ չի տալիս, որ ոլորտը զարգանա, դրա համար մենք փորձելու ենք մեղմացնել օրենքը»։
Ինչ վերաբերում է տեղական ավիափոխադրող ունենալու հարցին, Ռևազյանը նշեց՝ այն թիմերը, որոնք «լուրջ թվերով լուրջ առաջարկներ են արել», կոմիտեն ամեն կերպ նրանց կաջակցի։
Մանրամասները՝ տեսանյութում։










