Ջուլիան Ասանժին տեսագրել են բրիտանական բանտում
Բրիտանական Բելմարշ բանտից, որտեղ գտնվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, տեսակադրեր է հրապարակել Ruptly գործակալությունը:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, հոլովակը տեսագրել է լրագրողի հետ նույն խցում գտնվող բանտարկյալը: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել նախքան Ասանժի՝ բանտային հիվանդանոց տեղափոխվելը: Տեսանյութում Ասանժը զրուցում է մեկ այլ կալանավորի հետ:
Տեսախցիկի ժամանակի ցուցիչը նշում է 07.07.2017 ամսաթիվը, սակայն դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է տեսախցիկի անսարքությամբ, ինչպես հաղորդում է Ruptly-ն: Հայտնի չէ, թե արդյոք Ասանժը տեղյակ է տեսագրության մասին, թե ոչ:
Ավստրալացի լրագրողը հայտնիություն է ձեռք բերել Աֆղանստանում և Իրաքում ռազմական արշավի ժամանակ ԱՄՆ գործողությունների մերկացման շնորհիվ: Նա տեղեկություններ է հրապարակել խաղաղ քաղաքացիների սպանության և Կուբայում Գուանտանամոյի բանտում կալանավորների պահման պայմանների մասին:
2010-ին Շվեդիայում նրան մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգությունների մեջ, որոնք Ասանժը հերքել է: Նրա խոսքով՝ բողոք ներկայացրած կանայք գործել են կառավարական մարմինների ազդեցության տակ:
2012 թվականից Ասանժը ապաստան էր ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, սակայն 2019-ի ապրիլին նրան ձերբակալել են Շվեդիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված մեղադրանքների համար արձակված ձերբակալման հրամանով:
Տեսանյութը կարող եք դիտեք այստեղ:










