Դիլիջանում ընթանում է «Մտքերի գագաթնաժողով»-ը
Յուրաքանչյուր տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը ստացած միջոցառումը մեկնարկել է հունիսի 7-ին և կշարունակվի մինչև հունիսի 9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում։
Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է։
Նշենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից հետո։
Հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր մասնակցում են այս միջոցառմանը։
Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վլիպենը, Ամն նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին և այլ անվանի մասնագետներ։
Միջոցառման շրջանակում կազմակերպվող թեմատիկ քննարկումներն անցկացվելու են փակ ֆորմատով։ Գագաթնաժողովի շրջանակում սպասվում են քննարկումներ «Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությունն ու զարգացումը. Շախմատի մեծ խաղատախտակը», «Բարձր տեխնոլոգիաներն ու կառավարումը. Արհեստական բանականություն, թվային տնտեսություն, 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, համաշխարհային ռիսկերի և քաղաքականության քվանտային բնույթը» և այլ թեմաներով։










