«Քաղաքում ծփում են ոստիկանները». քաղաքացին հրապարակել է «Էպիկուր» սրճարանում տեղի ունեցած միջադեպից տեսանյութ, իսկ ոստիկանությունից հայտնում են՝ ուժեղացված ծառայություն է

11:35 • 08.06.19

Երեկ գիշեր ոստիկանների և «Էպիկուր» սրճարանի աշխատակիցների ու հաճախորդների միջև քաշքշոց է սկսել: Սրճարանի 2 աշխատակցի ոստիկանները բերման են ենթարկել:

Միջադեպի մասնակից Դավիթ Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Epicure-ում ոստիկանությունը երկու անգամ միջամտել է աշխատանքային պրոցեսին։ «Սկզբում պարտադրել են ձայնը ցածրացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել: Հետո նորից են եկել քաղաքացիական մեքենայով, շատ կոպիտ տոնով խոսել, որից հետո սկսվել է վիճաբանություն»,-գրել է նա և նշեց, որ քաղաքացիական մեքենայով երկու հոգու տարել են բաժին:

Դավիթ Սուքիասյանը վերջում գրել է, որ «քաղաքում ծփում են ոստիկանները, ու անհասկանալի տրամադրություն է»:

Նա միջադեպի մասին նաև տեսանյութ է հրապարակվել: 



Epicure սրճարանից Tert.am-ի հետ զրույցում շատ մանրամասներ չհայտնեցին, ասացին, որ միանշանակ իրենց գործընկերներին անհիմն են տարել ոստիկանական բաժին՝ հավելելով, որ նրանց արդեն բաց են թողել:

ՀՀ ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ առաջիկայում ոստիկանության ծառայության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն կտրամադրվի:  

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ քաղաքում ոստիկանների ակտիվությանն ու որոշ գործողություններին՝ նշեցին. «Երեկ մենք մեր ուժեղացված ծառայության վերաբերյալ տեղեկատվություն ենք  տարածել, այսօր ևս կունենանք նմանատիպ տեղեկատվություն՝ իրականցվող ծառայության մասին»:

Նշենք, որ ըստ հաղորդագրության՝ հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն էր։ Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։