Բյուջետային հայտերում ներառվելիք պետական ծրագրերը կազմելուց առաջ Հանրային խորհրդի հետ քննարկումներ կանցկացվեն

01:17 • 08.06.19

Հունիսի 7-ին տեղի է ունեցել Հանրային փոքր խորհրդի աշխատանքային նիստ, որը վարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը (փոքր խորհրդի նիստերին ՀԽ հանձնաժողովների նախագահների մասնակցությունը պարտադիր է, ՀԽ մյուս անդամների համար նիստերն ազատ են)։

Ինչպես հայտնում են հանրային խորհրդի մամուլի քարտուղարությունից, նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերել է հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների հետ քննարկելու գործընթացին։

Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ վարչապետի թիվ 289–Ա որոշմամբ կայացվել էր բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում: Հանրային խորհուրդը դիմել էր վարչապետին՝ հանձնարարելու պետական մարմիններին բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը կազմելուց առաջ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների հետ իրականացնել քննարկումներ։

Հանրային խորհրդի առաջարկն ընդունվել է, և վարչապետի հանձնարարականով համապատասխան պետական մարմիններն արդեն դիմել են ՀԽ հանձնաժողովներին` համատեղ քննարկումներ կազմակերպելու նպատակով։ Նիստի ընթացքում հստակեցվել է քննարկումներին Հանրային խորհրդի ներկայացուցիչների մասնակցության ընթացակարգը։

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ՀԽ հանձնաժողովներում մինչ օրս կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ ՀԽ նախագահը նախ հետաքրքրվել է Հանրային խորհրդին ուղղված և համապատասխան հանձնաժողովներին վերահասցեագրված դիմումների ընթացքով ու արդյունքներով։

Այնուհետև հանձնաժողովների նախագահները տեղեկատվություն են ներկայացրել հանձնաժողովներում ձևավորված ոլորտային ենթահանձնաժողովների և կոլեգիաների վերաբերյալ, անդրադարձել հանձնաժողովներում քննարկված հարցերին, կայացված որոշումներին, պետական ատյաններին հասցեագրված գրություններին ու դրանց արդյունքներին, որից հետո ներկայացրել են հանձնաժողովներում առաջիկայում քննարկվելիք հարցերը։