Դրանք այն շրջանակներն են, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում. Վանեցյանը՝ վարչապետի հայտարարած «սևազգեստ» մարդկանց մասին (տեսանյութ)

12:53 • 08.06.19

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, թե վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, երբ ասել է՝ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք:

Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ չի կիսում այդ միտքը:

Նրա խոսքով՝ վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկատմամբ որևէ ներազդեցություն ունենալու վերաբերյալ:

«Հստակ ցուցումը տվել է, և ոստիկանությունը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով այս երկու օրը կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ մեկնաբանություններ այս ամենին տալ ես չեմ կարող»,- նշեց նա:

Իսկ թե ովքեր են վարչապետի մատնանշած սևազգեստ մարդկանց շրջանակը, Վանեցյանն ասաց, որ մշտապես էլ իրենց պարզ է այդ շրջանակը: «Դրանք այն շրջանակներն են, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն, և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր և Քրեական օրենսգրքով նախատեսված կլինի պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձիք մեկուսացվեն հասարակությունից»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

Վանեցյանը հստակեցրեց՝ չեն պատրաստվում բոլոր սևազգեստ մարդկանց ձերբակալել: «Չեմ կարծում, թե տեղին հումոր էր, մարդիկ սկսեցին կոնտեքստից դուրս բաներ ասել, սևազգեստ մարդիկ և այլն… նման բաներ չկան, իսկ այն, ինչ կա իրականում, բոլորը շատ լավ հասկանում են, վարչապետը հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և պետք չէ բառախաղի միջոցով ինչ-որ սենսացիաներ փնտրել»,- ասաց նա: