Երկու ահազանգ ենք ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը, դա վերջին գործիքակազմն է, որ մնացել է հին քաղաքական մշակույթից․ Կոտայքի մարզպետ
Կոտայի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արդեն իսկ իրենք երկու ահազանգ են ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը։
«Դա վերջին գործիքակազմն է, որ մնացել է հին քաղաքական մշակույթից, հին բարքերից»,-ասաց նա։
Մարզպետը նշեց, որ ինքը տեղամասերում չի շրջում, այլ մերձակա շրջակայքում։ «Շրջում եմ՝ տեսնելու, թե օրինականության տառը պահպանվում է, թե ոչ, կուտակումներ կան, թե ոչ, ոստիկանությունը տեղո՞ւմ է, վստահված անձինք, ու առհասաարակ քաղաքացիները քաղաքացիական վարքով մեր կոչ արած, դավանած արժեքների մե՞ջ են։ Եթե տեսնեմ, որ որևէ ինստիտուտ իր դիրքերում չէ, ապա ես ի պաշտոնե կհայտարարեմ և հանձնարարական կտամ»,-ասաց նա և նշեց, որ իհարկե ոստիկանությունն իր դիրքերում է և բավական լավ աշխատում է։
Հարցին, թե ըստ նրա` ինչի համար են նկարում քվեաթերթիկը, մարզպետը պատասխանեց․ «Որպեսզի ապացուցեն իրենց քաղաքական հայրերին, որ մենք ձեզ արջի ծառայություն մատուցել ենք»։
Իսկ հարցի, թե գուցե ընտրակաշառքների դիմա՞ց են այդպես վարվում, Պետրոսյանը նշեց, որ բավականին գործընթացներ են արվել՝ կանխելու հնարավոր ցանկացած զարտուղի ճանապարհ՝ ընտրակաշառք կլինի, թե ընտրախախտումներ։
«Բայց ամեն դեպքում չեմ կարող բացառել, որ այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում սովոր են նման աշխատաոճի, այսօր զերծ կմնան նման գործողություններից։ Այդ իսկ պատճառով առավելագույն հակադարձել ենք այս երկու ահազանգին, դա ինքնանպատակ չէ, որևէ մեկին հաշվետու լինելու, ապացուցելու համար չէ»,-ասաց նա։
Մարզպետը նաև հավելեց, որ ոստիկանությունն արձագանքել է ահազանգերին հավուր պատշաճի։ «Այս պահին միակ գործիքակազմը, իմ ուսումնասիրությամբ, քվեաթերթիկի նկարումն է, որը քրեորեն պատժելի արարք է, քվեարկությունը փակ գաղտնի է»,-ասաց նա։
Մարզպետը նաև խոսեց ՔՊ թեկնածուի ենթաշտաբի պետերից մեկի մեքենայի և տան ու շքամուտքն այրելրու դեպքի մասին և ասաց, որ դեռ չունեն նորություն։ «Իրավապահները նորություն լինելուն պես կհայտնեն, ծավալուն քննչական գործողություններ են եղել, զերծ կմնամ մինչ այդ մեկնաբանություն անելուց»,-ասաց նա։










