Անիմաստ հավաքույթ, միջոցների վատնում, անձնական բիզնես շահեր․ գնահատականներ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված «Մտքերի գագաթնաժողովի» վերաբերյալ

23:26 • 09.06.19

Դիլիջանում անցկացված «Մտքերի գագաթնաժողով»-ը, որը Հայաստանում անցկացնելու պայմանավորվածությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել դեռևս 2018 թվականին, փորձագետների կարծիքով ավելի շատ կոնկրետ անձանց շահերը սպասարկելուն էր ուղղված, իրականում Հայաստանին այն առանձնապես օգուտ չբերեց և դժվար թե հետագայում հնարավոր լինի շոշափելի արդյունքներ տեսնել:

«Այլընտրանք» ՀԿ-ի համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկացած երկրում, եթե փորձում են նման միջոցառում անել, և միջազգային լուրջ խոշոր կազմակերպությունների են հրավիրում, ակնկալվում է, որ այն դրական շարունակություն կունենա։ «Եթե պետք է զուտ հավաքվեն այստեղ, միջոցառում անեն, իրար գովեն ու աշխարհի տենդենցները քննարկեն, ու դրա հետ մեկտեղ, եթե մեր երկրին ինչ-որ ձեռնարկություններ բացելու, իրենց մասնաճյուղերը ստեղծելու, մեր երկրի՝ այդ ուղղությամբ պոտենցիալը զարգացնելու կամ գոնե մասնագետներին դրա մեջ ներգրավելու շարունակություն չի լինելու, կամ ներդրումներ չեն լինելու, բնականաբար  ցանկացած տիպի  միջոցառում դառնում է անիմաստ հավաքույթ»,-ասաց նա։

Ավելին, ըստ նրա՝գուցե այն ինչ-որ կոնկրետ անձերի համար իրենց շահերի սպասարկելու ուղղված քայլեր էին։ «Որովհետև այն քաղաքական մթնոլորտը, որ այսօր Հայաստանում ստեղծված է, ոչ մի խոշոր լուրջ կազմակերպության համար ներդրումային բարենպաստ գոտի չի կարող ապահովել։ Եթե նախագահը ջանքեր է գործադրել, որ միջոցառումը Հայաստան գա, հավանաբար ինչ-որ անձնական շահեր է հետապնդել, գուցե սեփական բիզնես շահերն ունի, իհարկե չեմ պնդում, բայց եթե ինքը նման ոգեշնչված ձևով փորձել է  այնպես անի, որ, անպայման, այստեղ անցկացվի և դրանից պետությանը որևէ օգուտ չկա, այդտեղ մնում է  ենթադրել, որ ինչ-որ անձնական շահերի մասին կարող է խոսք լինել»,-ասաց նա։

Գագաթնաժողովին բացման օրվանից մասնակցել է հայ լրագրող, վերլուծաբան Հակոբ Ավետիքյանը, ով նշեց, որ տեղական թեմաներից կտրվածությունը զգալի էր և խոսում էին ընդհանուր հարցերի մասին։ Նա նշեց, որ հայկական հարցերը գագաթաժողովի խնդիրը չէր, ուստի արդյունավետությունը գնահատել չի կարող: Ավետիքյանի խոսքով՝ գագաթաժողովը մի փոքր ստվերում անցավ, միջոցառումն իր բացերն ուներ․ «Այն էր, որ կարելի էր նաև արցախյան հարցին անդրադառնալ, հարևանցի անդրադաձումներ եղան, որ տեսեք Գերմանիան, Ֆրանսիան, դարավոր թշնամիներ էին, բայց հիմա ինչպիսի լավ հարաբերությունների մեջ են, սա հին միտք է, որին հանդիպել եմ միջազգային տարբեր ֆորումներում, կրկնվեց այդ իմաստով»։

Ըստ նրա՝ թեմատիկ քննարկումների շրջանակում անդրադարձ կար Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, մինչդեռ այս առումով էլ ֆորումը  լուրջ խնդիրներ ուներ։ «Երկրորդված կարելի էր ասել, որ բացերից էր նաև այն, որ մեր անմիջական տարածաշրջանը ՝ Իրան, թեկուզ Թուրքիան, արաբական Միջին Արևելքը բացակա էր, մինչդեռ նրանք մեր տարածաշրջանի անմիջական մասնակիցներն են, չգիտեմ ինչ էր նպատակը, որ նրանց մասնակցությունը հաշվի չէր առնվել։ Արաբական երկրներից պատվիրակներ կային, բայց Իրանից որևէ մեկին չհանդիպեցի»,-ասաց նա, բայց շեշտեց, որ ամեն պարագայում սա, որպես սկիզբ, ՀՀ-ի համար PR էր, քարոզչություն, քանի որ լավ գնահատականներ հնչեցին Հայաստանի վերաբերյալ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, ավելի շատ ՀՀ-ից հետաքրքրվում են իրավական  դաշտում տեղի ունեցող անօրինությունների մասին, և ՀՀ-ի՝ որպես մտքի առաջընթաց երկիր լինելու։ «Այն, որ Հայաստանում ինչ-որ միջոցառումներ են տեղի ունենում, այն էլ գիտության հետ կապ ունեցող, և իբրև նախագահ ու վարչապետ մասնակցում են, դրանք մարդկանց չի հետաքրքրում, որովհետև դրանք իրենց հետևից ոչինչ չեն բերում»,-ասաց նա։

 Ըստ Իսագուլյանը՝ նման միջոցառումների վրա ծախսերը անմիտ վատնումներ են, այնպես, ինչպես վարչապետը գնաց Սանկտ-Պետերբուրգ և  մասնակցեց տնտեսական ֆորումին, և արդյունքը զրո է։ «Հիմա իրենք կարող են խոսել նաև տիեզերքի, երկնքի և երկրի կապի մասին, Աստծո և իրենց ունեցած ձեռքբերումների մասին, ինչ էլ ասեն, հասարակությունը տեսնում է, որ փաստորեն բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Այսօր մեր իշխանությունները այն, ինչ չունեն, խելքն է, ուղեղը, մտածելու ունակությունը, եթե ունենային, այսօր ազգի պառակտման չէին գնա, ատելության չէին գնա, ի՞նչ մտքի ու խելքի մասին է խոսքը»,-ասաց նա։

Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակում տեղի են ունեցել մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն: