«Ադեկվադի» անդամի վրա հարձակումը մանիպուլյատիվ միջոցներով շարժման շուրջ բացասական շղարշ ստեղծելու փորձ է. Լիլիթ Թումանյան (տեսանյութ)

16:19 • 09.06.19

17:17

Այսօր վաղ առավոտյան` ժամը 06:00-ի սահմաններում, առանց պետհամարանիշների մեքենայով մի քաղաքացի միտումնավոր հարվածել է «Ադեկվադ» ՀԿ-ի փոխնախագահ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի մեքենային, որը կայանված էր նրա բնակելի շենքի բակում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր նախաձեռնողներից Լիլիթ Թումանյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո միջադեպի հեղինակը մոտեցել է Ադամյանի բնակարանի դռանը և ահաբեկելով նրա ընտանիքի անդամներին ու հարևաններին՝ Ադամյանին դուրս է կանչել ու հրահրել վիճաբանություն, հայհոյանքներ տեղացել, փորձել առաջացնել էլ ավելի մեծ հրմշտոց, տեղի ունեցածը հնարավոր է եղել կասեցնել շրջապատի միջամտությամբ, քանի որ հավաքվել են բազմաթիվ վկաներ:

«Դրանից հետո հեռացել է: Մեզ հայտնի դարձավ, որ միջադեպի հեղինակը նախկինում բազմիցս դատված է, այդ թվում՝ զենք-զինամթերք կրելու մեղադրանքով և Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման ընթացքում ազատություն է ստացել: Նաև նշեմ, որ տեղի է ունեցել մահափորձ իր կողմից:

Մեզ նաև հայտնի է դարձել, որ այդ անձը հաճախակի է դիմում նման միջոցների, սակայն տարօրինակ ձևով ոչ մի պատժի չի ենթարկվում, ըստ երևույթին սա պայմանավորված է երկրի քաղաքական իշխանության և իրավապահ մարմինների հովանավորչությամբ: Միջադեպը հրահրող անձը նաև բղավել է, որ «Ադեկվադ» ՀԿ-ի փոխնախագահ Ազատ Ադամյանը Ռոբերտ Քոչարյանից ինչ-որ գումարներ է ստանում»,- հայտարարեց Լիլիթ Թումանյանը:

Ըստ վերջինիս՝ սա այն բանի վկայությունն է, որ շարժումը փորձում են զրպարտել տարատեսակ ձևերով՝ փորձելով իրենց պիտակավորել կա՛մ որպես դավաճաններ, կա՛մ որպես բռնարարներ, կա՛մ որպես հրահրիչներ:

«Սա փորձ է մանիպուլյատիվ միջոցներով բացասական շղարշ ստեղծել շարժման շուրջ և ներկայացնել մեզ նեգատիվ տեսանկյունից»,- ասաց նա և վստահեցրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Նա նշեց, որ փաստացի ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն: «Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ, ներկայացվում են կա՛մ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մարդիկ, կա՛մ ինչ-որ պատվերներով աշխատող մարդիկ, կա՛մ դավադիրներ: Այսկերպ չի կարող կառուցվել քաղաքական համակարգ, և սա մեզ զրկում է քաղաքական դիսկուրսի հնարավորությունից: Սա փորձ է նվազեցնել առանց այդ էլ իջած քաղաքական դիսկուրսի մակարդակը»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀԿ 11 անդամների բերման ենթարկելուն՝ Լիլիթ Թումանյանը նշեց, որ ոստիկանների կողմից ադեկվադների շինծու բերման ենթարկելու մարտավարությանը ավելացել է նաև քրեածին տարերի ներգրավման միջամտությունները և սադրանքների կազմակերպումը: «Նմանօրինակ սադրանքները Հայաստանում պայթունավտանգ իրադրություն են ստեղծում և խորացնում են Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված ատելության մթնոլորտը:

Բերման ենթարկելու հետ կապված եղան պարզաբանումներ, թե դա բերման ենթարկել չէ, բայց փաստը մեկն է, մեր անդամներին զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, ազատությունից և նմանատիպ տերմինաբանություն կիրառելիս փորձում են շեղել ուշադրությունը և ներկայացնել սա որպես մանր խուլիգանություն: Փորձում են նաև ստահոդ լուրեր տարածել, թե բերման ենթարկելը տեղի է ունեցել ինչ-ինչ պատճառներով, որոնք մենք թաքցնում ենք»,- շեշտեց բանախոսը:

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, որ սևազգեստ մարդիկ ահաբեկում են հանրությանը:

«Այսինքն` սկսած շորի գույնից և մնացած դրվագներով մեր քաղաքացիները այլևս չեն կարող իրենց զգալ ապահով այս քաղաքում, քանի որ դու ընդդիմախոս ես, կարող են բերման ենթարկելու պատճառ հանդիսանալ ամեն ինչ՝ սկսած սուտ զանգերից, սուտ մատնությունից, վերջացրած տարատեսակ մանպուլյատիվ կիրառվող մեխանիզմներով»,- հայտարարեց Թումանյանը:

Նա հիշեցրեց, որ ամենասկզբից դեռ Մարալիկ քաղաքում իրենց վրա տեղի ունեցած, նախապես պլանավորված հարձակումը՝ կյանքի սպառնալիքների զուգորդմամբ, գույքի վնասմամբ, այդպես էլ չստացան իրավապահ մարմինների արձագանքը, չհարուցվեց քրեական գործ, մասնակիցները չպատժվեցին, ավելին՝ երկու ամիսների ընթացքում ադեկվադներին անընդհատ բերման են ենթարկել՝ դուրս քաշելով մեկ համերգի սրահից, փորձելով բերման ենթարկել կեղծ ահազանգերով:

«Մեր անդամները որոշում են կայացրել, որ պետք է պահանջեն այդ ահազանգերն իրականացնողի անունները, որովհետև այսպես չի կարելի շարունակվել, որ իրականացվի զանգ, ու բոլորին բերման ենթարկեն: Անհրաժեշտ է հետևողական լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրականացնում են նման զանգեր, և այն փաստերի նկատմամբ, որոնք նրանք ներկայացվում են ահաբեկում, ինչը իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա:

Ըստ նրա՝ դե ֆակտո վարչապետի կողմից հրահրված այս իրավիճակը անհրաժեշտ է կասեցնել. «Մենք՝ որպես քաղաքական հենք ունեցող շարժում, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և մեր համաքաղաքացիներին հավուր պատշաճի գնահատական տալ այս ամենին՝ միանշանակ, հստակ ոչ երկիմաստ հայտարարություններով, քանի որ նման իրավիճակի սրումը կհանգեցնի ատելության մթնոլորտի սրմանը և հասարակության էլ ավելի պառակտմանը»,- ընդգծեց Թումանյանը:

Այնուհետև Արթուր Դանիելյանը ներկայացրեց մանրամասները 11 հոգու բերման ենթարկելու փաստի հետ կապված:

«Բերման էինք ենթարկվել, ձերբակալ, թե հրավիրվել ոստիկանության բաժին՝ ինչ անուն էլ տանք, էական չէ, քանի որ մեր ազատ տեղաշարժման իրավունքը խախտված էր»,-նշեց Դանիելյանը:

Նա նշեց, որ մի քանի անգամ հարցրել է՝ արդյոք կարո՞ղ է լքել ոստիկանությունը, իրենց պատասխանել են՝ կարող են լքել այն ժամանակ միայն, երբ բացատրություն տան կամ հրաժարվեն բացատրություն տալուց: «Ըստ էության, մեր ազատ տեղաշարժը սահամանափակված էր: Գլխավոր դատախազության և իշխանական քարոզչամեքենայի այն հայտարարությունները, թե մենք փորձել ենք մոլորության մեջ գցել հանրությանը՝ պնդելով որ ձերբակալվել ենք, մանիպուլիացիա է, որովհետև փաստացի մեր ազատ տեղաշարժը սահմանափակված էր»,- հայտարարեց նա:

Ըստ Դանիելյանի՝ զարհուրելի սուտ է հանցագործության մասին հաղորդումը, թե իրենք վախի մթնոլորտ են տարածել: «Բացատրաթերթիկում բացատրություն չտալով հանդերձ՝ պահանջել ենք, որ հաղորդում տվողի իսկությունը բացահայտվի, որ հասկանանք, թե ովքեր են այդ հաղորդումները տալիս, քանի որ սա արդեն երրորդ անգամն է»,- նշեց նա և հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե իրենց բերման են ենթարկել ինչ-որ փաստի շուրջ, պարզապես ստում են:

«Նրանք շարունակում են Նիկոլ Փաշինյանի սիրած ստի ու կեղծիքի միջոցով սեփական քարոզչությունը տարածել»,- ասաց Դանիելյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ, երբ կազմակերպել էին ճաշկերույթ, օդում կախված լուրեր էին ստացել, որ հնարավոր է իրավապահները ուժային գործողությունների դիմեն՝ իրենք ակնկալում էին, որ նման պրոցես տեղի կունենա: Նրա խոսքով՝ իրենք անակնկալի են եկել այն փաստից, որ իրավապահներն այդ միջոցներին դիմել են միայն այն բանից հետո, երբ իրենց օրվա պլանավորված միջոցառումներն արդեն ավարտել էին:

Դա Դանիելյանը պայմանավորեց նրանով, որ իրավապահները փորձել են մեդիաուշադրությունից խուսափել, բացի այդ՝ հենց այդ ժամանակ ընթացել է ֆուտբոլային հանդիպում: «Մենք ունեիք տեղեկություն, որ սա նախապես պլանավորված է և մեզ տեղեկությունը հայտնել էին մինչև Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը սևազգեստ անձանց մասին: Մեզ ասել էին, որ նման օպերացիա տեղի է ունենալու: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ երկրի դե ֆակտո վարչապետը կառավարության նիստի մակարդակում կսկսի այդ գաղտնի օպերացիան: Փաստը մնում է փաստ: Այն, ինչ տեղի է ունենում այդ պահից սկսած, ինչ-որ գործողության փուլեր են»,- նշեց նա:

Դանիելյանը պնդեց՝  նույն գործողության շղթայի մեջ է այսօր վաղ առավոտյան իրենց ՀԿ-ի նախագահի հետ տեղի ունեցածը Գառնիում: «Ըստ էության, մի քրեածին տարր՝ բազմիցս դատապարտված՝ այդ թվում մահափորձի համար, ազատ է արձակվել այսօրվա իշխանությունների կողմից և հավաքագրվել որպես «զինվոր»՝ հատուկ գործողությունների համար: Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, ինձ համար հատուկ գործողություն էր: Սրա իմաստը նա է, որ մեզ սադրեն ինչ-որ քայլի համար, որի համար մեզ հետո հնարավոր կլինի պատասխանատվության կանչել, որովհետև այս պահին ողջ իրավական համակարգն ամեն ինչ անում է, որպեսզի ինչ-որ կերպ իրավական ճնշումներ կարողանան գործադրել: Ստուգում են մեր ֆինանսական հոսքերը, անձնական տվյալները, մեր բարեկամների հետ են կապվում, ամեն ինչ փորձում են անեն, որ մի բան ունենան մեզ վրա, և այս գործողությունները դրա շարունակությունն են»,- հայտարարեց Արթուր Դանիելյանը:

Նա հավելեց, որ ակնկալիք չունի, որ իրավապահ համակարգը պատշաճ արձագանք կտա տեղի ունեցածին. «Վստահ եմ, որ այս գործողությունը կազմակերպված է եղել հենց իրավական համակարգի կողմից: Սա է պատճառը, որ մեր ՀԿ-ի փոխնախագահ Ազատ Ադամյանը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ և այո՛, սուտ է ոստիկանության տարածած այն հայտարարությունը, որ նա պարտավորվել է գալ ոստիկանության բաժանմունք և բացատրություն տալ: Ոչ, նման պարտավորություն նա չի ստանձնել: Ես զարմացած կլինեմ, եթե ստանձնի ապագայում, որովհետև նա նույնպես որևէ հույս չի կապում Հայաստանում ներկայումս գործող իրավապահ համակարգի հետ: Նրանք ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամակատարներն են»,- ընդգծեց Արթուր Դանիելյանը:

Ըստ նրա՝ կարգ կա, որով իրենց փաստաբանը կդիմի և կփորձի տեղեկություններ ստանալ, թե ովքեր են ոստիկանություն իրենց դեմ կեղծ հաղորդում տվողները: «Մենք այսօր թե՛ իրավական. թե՛ քաղաքական գործընթաց ենք սկսել, որովհետև, ըստ էության, մեզ մեղադրում են այն ամենի մեջ, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը:

Այսօր առավոտ նույն բանը տեղի ունեցավ. ես տեսա մի գրառում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որը միտված էր մեր ուսերին բարդել այն ամենն, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծել, ատելություն է սերմանում, փաստացի ահաբեկում է մարդկանց, բայց մեզ են բռնել տալիս դրա համար: Ես ասում եմ՝ մենք հետևողականորեն իր հանցագործության համար հաղորդում ենք տալու ոստիկանություն և պահանջելու ենք, որ իր նկատմամբ մեր իրավական համակարգն առնվազն նույն վերաբերմունքը ցուցաբերի, ինչ որ ցուցաբերում է մեր նկատկամբ: Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա նույն վերաբերմունքը, ինչ քաղաքացի Արթուր Դանիելյանը»,- նշեց Դանիելյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք իրենց անդամների նակտմամբ այս գործողություններից հետո իրենց համակիրների թիվն ավելացել է, Դանիելյանն ասաց. «Չէի ասի, որ կտրուկ աճել են մեր համակիների թիվն իշխանութունների այս գործողություններից հետո, բայց, անշուշտ, իշխանությունների կողմից նման միջոցառումների ձեռնարկումը մեր աջակիցների շարքերը միայն պնդացնում են, մենք բյուրեղանում ենք, ինչի համար պետք  է Նիկոլ Փաշինյանին հայտնենք շնորհակալություն: Բայց ես իր քայլերի մեջ տրամաբանություն չեմ տեսնում»:

Հարցին՝ ոստիկանությունն իր գործողությունները իրենց խմբի հետ կապված համաձայնեցնո՞ւմ է վարչապետի հետ, Դանիելյանը դրական պատասխան տվեց:

«Ես վստահ եմ, որ իր իսկ հանձնարարականով են նրանք գործում, ընդ որում, այդ հանձնարարականը կատարելիս դիմում են ոչ միայն օրինական, այլև՝ ոչ օրինական միջոցների՝ իրենց արտահաստիքային գործակալներին փաստացի գործի դնելով: Որովհետև այն մարդը, որը շաբաթը մեկ նման պատմությունների մեջ է ընկնում (Ադեկվադ ՀԿ-ի փոխտնօրեն Ազատ Ադամյանի վրա հարձակված անձը- խմբ.), ինչ-որ ավտոմեքենայով ռեստորանի մեջ է մտնում, մարդ է ծեծում ավտամատով, այդ մարդը չէր կարող ազատ շրջել քաղաքով. մանավանդ առանց համարների, մեքենայում էլ հրազեն ունենալով, եթե չլիներ մի հատ շատ կարևոր վարչության արտահաստիքային գործակալ:

Ասեմ ավելին՝ էդ մարդկանց՝ ռեցեդևիստների համաներումը նրա համար էր, որովհետև Փաշինյանին զորք էր պետք, իսկ զորք նա չուներ: Հավատարիմ զորք, թե չլիներ Նիկոլ Փաշինյանն իրենք կնստեն և իրենք դա շատ լավ գիտեն: Այս ամենի արդյունքում շուտով կարող է կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխեն և հնարավոր է գտնվեն այդ մարդիկ»,- եզրափակեց նա:

 

16:00

«Ադեկվադ» ՀԿ-ի ներկայացուցիչները շտապ ասուլիս են հրավիրել: Նրանք անդրադարձան են այսօր լուսաբացին «Ադեկվադ» ՀԿ փոխնախագահ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի և նրա տան վրա կատարված ոտնձգությանը։

Հիշեցնենք, որ երեկ էլ բերման էին ենթարկվել ՀԿ-ի 11 անդամներ, ավելի ուշ նրանք հայտարարեցին, որ այդ դեպքը կապված էր սևազգեստների վերաբերյալ վարչապետի հայտարարության հետ: