Իտալիայում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է կալանվել
Իտալիայի Կալաբրիա մարզում Միջերկրական ծովով երկրի հարավ ապօրինի ներգաղթյալներ բերելու մեղադրանքով 2 ուկրաինացի է ձերբակալվել, գրում է calabria7.it-ը:
Մարզի ֆինանսական գվարդիայի հատուկ բաժնի աշխատակիցները Հունական ծովում 15 մետր երկարությամբ առագաստանավ են հայտնաբերել, որն ընթանալիս է եղել դեպի Իտալիայի ափերը։
Գվարդիայի ուժերը առագաստանավի՝ Իտալիայի տարածքային ջրեր մուտք գործելուն պես կալանել են այն։ Կայքի տվյալներով՝ նավը օրեր առաջ ծով է դուրս եկել Թուրքիայից և հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը Իտալիայի ափերին հասնելու ծրագիր է ունեցել։
Նավի վրա Պակիստանից 53 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել, այդ թվում՝ 10 անչափահաս։ Առաջիկայում նրանք ներգաղթյալների ժամանակավոր պահման կենտրոն կուղարկվեն։
Դեպքի առնչությամբ Ուկրաինայի 2 քաղաքացի է ձերբակալվել, որոնց Ապենինյան թերակղզի ապօրինի ներգաղթյալներ բերելու մեղադրանք է առաջադրվել։










