Սուդանի ընդդիմությունը ողջ երկրում համընդհանուր գործադուլ է սկսել

22:20 • 09.06.19

Սուդանում ընդդիմությունը կիրակի քաղաքացիական անհնազանդության ակցիա է սկսել ողջ երկրով մեկ: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, նախօրեին «Սուդանի պրոֆեսիոնալների ասոցիացիա» արհմիության անդամները, որոնք հանդիսանում են ցույցերի կազմակերպիչը, հայտարարել էին, որ ակցիան կավարտվի միայն այն ժամանակ, երբ իշխանության կգա քաղաքացիական կառավարությունը:

«Հետևողական անհնազանդությունը սարսափով կլցնի նրանց սրտերը և կօգնի մեզ հաղթել», - հայտնել են «Սուդանի պրոֆեսիոնալների ասոցիացիա» արհմիության կազմակերպիչներն իրենց թվիթերյան էջում:

Համընդհանուր գործադուլին մասնակցելուց ազատվել են միայն բժիշկները և հիվանդների խնամք իրականացնող անձնակազմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աֆրիկյան միությունը դադարեցրել էր Սուդանի անդամակցությունը երկրում տիրող զանգվածային ցույցերի պատճառով:

Ապրիլին զինվորականները գահընկեց արեցին Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, որը երկիրը ղեկավարում էր վերջին 30 տարվա ընթացքում: Մայիսի 15-ին ընդդիմության հետ որոշում էր կայացվել երեք տարով անցումային ժամանակահատված սահմանել, որի ընթացքում կգործեր ժամանակավոր կառավարությունը: