Սա քաղաքական հետապնդում է. «Ադեկվադ» ՀԿ–ի ղեկավար Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց. (տեսանյութ)
17:19
Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Դանիելյանն ասաց, որ իրեն մեղադրում էին նրանում, որ սպառնացել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին:
«Խոսքը գնում է իմ այն քաղաքական հայտարարության մասին, որը ես հնչեցրել եմ նախորդ օրը ասուլիսի ժամանակ, երբ բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը մի քանի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել է մի նիկոլապաշտ ակտիվիստ: Խոսքը գնում է այն սպառնալիքի մասին, որի մեջ ոստիկանությունը հանցակազմ չէր տեսել: Արտահայտությունը հետևյալն էր, Ջիվան Աբրահամյանն ասաց՝ «հնարավոր է շուտով կոչ անի, որ Բակո Սահակյանի գլուխը քարով ցխեն» »,- պարզաբանեց Դանիելյանը:
«Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ բառացի մեջբերեց ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի՝ մայիսի 25-ի հանրահավաքի ժամանակ արված արտահայտությունը՝ «էսօր որ Բակոյենք եկել են ստեղ, սա նախազգուշացումա ձեզ. ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, որ գնանք ու գլուխները քարով ցխենք»: Ապա Տեր-Նակալյանը մեջբերեց երեկ ասուլիսում արված Դանիելյանի նույնաբովանդակ հայտարարությունը: «Արթուր Դանիելյանը հունիսի 9-ին ասել է հետևյալ միտքը՝ «շուտով մենք կարող է կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխենք» »,- նշեց Տեր-Նակալյանը:
Դանիելյանն էլ նշեց՝ թող իրավաբանները որոշեն՝ իր հայտարարության մեջ սպառնալիք կա՞, թե՞ ոչ. «Բանն այն է, որ ես այդ արտահայտությունը կիրառել եմ նրա համար, որ միայն նախապես իմացել եմ, որ ոստիկանությունը այդ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում»:
«Բայց ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, այս դեպքում էլ վերահաստատվեց այն փաստը, որ ՀՀ-ում գործում են երկակի ստանդարտներ, և եթե դու քայլ ունես արած հանուն այս իշխանությունների, ուրեմն դու անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից»,- ասաց Դանիելյանը: Նա վերահաստատեց նախկինում իր հնչեցրած կարծիքը. «Սա քաղաքական հետապնդում է»:
17:17
«Շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար իմանալը, թե արդյոք կա՞ իրավական որոշակի ընթացակարգ, արդյոք դրանք օրենքներով ամրագրվա՞ծ են, թե ինչպես է պետությունը՝ մասնավորապես ոստիկանությունը վարվում իր ունեցած տեղեկատվության հետ»: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արթուր Դանիելյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը:
«Եթե պետությունն ի սկզբանե գիտի, որ որոշակի արարք հանցավոր չէ, ապա արդյոք իրավաչա՞փ է, որ կիրառեն թեկուզ անձին երկու ժամով ազատությունից զրկելու սահմանափակումներ, ընդ որում՝ այնպիսի հատուկ միջոց կիրառելով, ինչպիսին ձեռնաշղթան է»,- ասաց նա:
Նա նաև հիշեցրեց, որ երկրի ղեկավարն ունի պաշտպանության հնարավորություններ: Ըստ Մելիքյանի, այդ դեպքում է, որ հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է անձի իրավունքների սահմանափակում տեղի ունենա, եթե վարչապետի անվտանգությունն ապահովված է և իրական սպառնալիք չկա:
«Արդյոք սա ռեպրեսիվ նշանակություն չունի՞, արդյոք սա պատժիչ նշանակություն չունի՞ և պայմանավորված չէ՞ քաղաքական գործունեության հետ: Սա կարևոր իրավական հարց է, որ ես կուզեի, որ դրա մասին խոսվեր, և մենք հասկանայինք՝ ինչ պրոտոկոլով են աշխատում իրավապահ մարմինները»,- ասաց նա:
Երկրորդ կարևոր հարցը, ըստ Ռուբեն Մելիքյանի, այն է, թե կա՞ արդյոք ոստիկանությունում ստորաբաժանում, որը մոնիտորինգ է իրականացնում մամուլը:
«Եթե կա, ապա արդյո՞ք այդ ստորաբաժանումը այնտեղից հանում է հանցագործության տարրեր պարունակող հրապարակումները և դրանց հիման վրա գործողություններ է իրականացնում, թե՞ դա պատահականության և ոչ պատահականության հիմունքներով է իրականացնում»,-ասաց նա՝ հիշատակելով Ջիվան Ավետիսյանի հայտարարությունները և հարց բարձրացնելով, թե ինչու այդ դեպքում որևէ վարույթ չիրականացվեց:
16։54
Արթուր Դանիելյանը քիչ առաջ ազատ է արձակվեց։ Այս պահին Արթուր Դանիելյանը ճեպազրույց է տալիս լրատվամիջոցներին։ Մանրամասները՝ հաջորդիվ։
16:38
«Ոստիկանությունը ձեռնաշղթաներով ու կոպիտ ձևով է ձերբակալել Արթուր Դանիելյանին, ընդ որում «Ադեկվատ» ՀԿ-ի գրասենյակ են մոտեցել առանց որևէ օրդերի»։ Այսօր ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ադեկվատ» ՀԿ-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
«Մենք առայժմ տեղեկություններ չունենք, թե ինչ է կատարվում ոստիկանության ներսում։ Վստահ ենք, որ սա քաղաքական հետապնդում է, և Նիկոլ Փաշինյանի բեմադրած քաղաքական կրկեսի հերթական ներկայացնում է, որովհետև մենք տեսել ենք լրիվ համարժեքը, օրինակ՝ Ջիվան Ավետիսյանի կողմից, բայց նրան ոչ մեկ ձեռնաշղթաներով չէր ձերբակալվել՝ նրան պարզապես հրավիրել էին ոստիկանություն և բաց էին թողել»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
16:27
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ադեկվատ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալությունը համարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստների հետ կապված հայտարարության շարունակությունը։
«Զարմանալի է՝ այն, ինչ կարելի է Կեսարին, սովորական մահկանացուին չի կարելի, այն ինչ կարելի է իշխանամետ անձանց, իրենց ակտիվիստներին, պաշտոնյաներին, սովորական ընդդիմադիր քաղաքացիներին, այլախոհներին չի կարելի»,- ոստիկանության մոտ ասաց Մելքոնյանը։
Նրա հիշեցրեց, որ Փաշինյանին սատարող ակտիվիստները հայտարարել էին, որ պետք է քարով ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկաններին ստրուկ ու լակոտ է անվանում։
16:20
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու, իսկ Արթուր Դանիելյանը հայտնի է որպես քաղաքական առաջնորդ, կուսակցության առաջնորդ և որպես բլոգեր: Եթե սա քաղաքական հետապնդում չէ, ապա մամուլի դեմ է»։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
16:15
ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին ամենևին չի զարմացնում «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալումը։ Նա ոստիկանության կենտրոնի բաժանմունքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց, որ թե՛ իր, թե՛ Արթուր Դանիելյանի համար կանխատեսելի էր այս իրավիճակը։
«Սա իշխանությունների կողմից Աբովյան քաղաքում խայտառակ ընտրությունների պատասխանն է, որն ինձ հիշեցնում է հոգեվարքի մեջ գտնվող մարդու ինչ-որ ջղաձգումներ՝ զուրկ որևէ տրամաբանությունից»,- ասաց նա։
Մալյանի համար գաղտնիք չէ, որ երկրում որևէ խնդիր առաջանալու պարագայում նոր իշխանությունները նախընտրում են մարդկանց «պառկեցնել ասֆալտին»։
«Աբովյանում Նիկոլ Փաշինյանը խայտառակ պարտություն կրեց: Հենց Նիկոլ Փաշինյանը պարտություն կրեց, որովհետև անձամբ էր այդ անհայտ թեկնածուի քարոզարշավն անում և հիմա այդ խայտառակությունը կոծկելու համար ջղաձգումների ու ռեպրեսիոն մեխանիզմներ է կիրառվում»,- շարունակեց Նարեկ Մալյանը։
Նարեկ Մալյանը նշեց, որ կապ է հաստատել Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, որը փոքր-ինչ պարզաբանել է իրավիճակը։
«Կարծում եմ՝ լավ կհիշեք, որ երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցների խումբը ցույց է կազմակերպել Ազատության հրապարակում, հնչեցին բռնության կոչեր Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ, և ցուցարարներից մեկը հայտարարեց, որ ժամանակն է եկել «քարով ցխելու Արցախի նախագահի գլուխը»։ Երեկ Արթուր Դանիելյանն ուղիղ եթերով խոսել էր և ասել, որ նման կոչերն անընդունելի են, և քաղաքականության հետ կապ չունեն, ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ իրենք էլ իրենց համակիրներին կոչ անեն ցխել Նիկոլ Փաշինյանի գլուխը։ Ըստ էության՝ այս հայտարարությունը բռնության կոչ չէ, այլ բռնության կոչին դեմ է»,- ընդգծեց Նարեկ Մալյանը։
15:12
Քիչ առաջ 6 ոստիկան ներխուժել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և ձերբակալել ղեկավար Արթուր Դանիելյանին: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Առանց ինչ-որ թուղթ ցույց տալու, առանց թույլատվություն ստանալու, ձերբակալել են Արթուր Դանիելյանին, ձեռնաշղթաներով տարել են»,- նշեց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանի տեղեկացմամբ՝ Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքներ անելու համար:
«Միայն Արթուր Դանիելյանին են ձերբակալել: Երեկվա ասուլիսին հնչեցրած մտքի համար, որ եթե այսպես շարունակի, մի օր էլ ստիպված լինենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ցխեն»,- ասաց նա:
Tert.am-ն ուղիղ հեռարձակում է ապահովում ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից, որտեղ տարվել է Արթուր Դանիելյանը։










