60-ամյա տղամարդուն նախկին կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների, այդ թվում՝ մեկ տարեկան երեխայի ուղղությամբ 2 նռնակ  նետելու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

11:24 • 10.06.19

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թ. մայիսի 30-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց  թվում եղել է նաև 2018 թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Նույն օրը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959 թ., ստացած վնասվածքներից  բժշկական կենտրոնում մահացել է:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունիսի լույս 8-ի գիշերը  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: