ԱԺ-ն 109 կողմ ձայնով ընդունեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերը

14:07 • 10.06.19

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը։ Նրա Խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի ելակետային նպատակը կյանքի կոչելով։

«ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել»,- ասաց Խաչիկյանը։

Ըստ փոխնախարարի՝ օրենքի գլխավոր նպատակը կյանքի  կոչելուն խանգարում է օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածներում ամրագրված  ժամկետները՝ 2019 թվականի հուլիս մեկը։ Նախագծի փոփոխություններով առաջարկվում է «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել պարտադիր պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի հրապարակման անընդհատությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ԱԺ-ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը քննարկել է առաջին ընթերցմամբ։

Նշենք նաև, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նախագծի ընդունումը համարելով հրատապ:

Խաչիկյանը ներկայացրեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է սահմանել, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ու հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և կամ պատասխանատվություն սաhմանող մարմինը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:

Նախագծերը  դրվեցին քվեարկության․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծն ընդունվեց 109 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ ձայներ չկային։ Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 109 կողմ ձայնով հաստատվեց։