ԱԽ քարտուղարը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է բռնությանը, բռնության քարոզին վերաբերող հարցեր

17:47 • 10.06.19

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում  են Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը և մտքեր փոխանակեցին ոստիկանության, իրավապահ համակարգի և հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ: 

Անդրադարձ է եղել բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին և ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծվել է երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարևորությունը: