Գորբաչովը հերքել է «Չեռնոբիլ» սերիալում ներկայացված փաստերը և հայտարարել, որ ակադեմիկոս Վալերի Լեգասովի գիտական կարիերային խոչընդոտելու հրաման չի արձակել

17:43 • 10.06.19

ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է ամերիկյան «Չեռնոբիլ» հեռուստասերիալում ակադեմիկոս Վալերի Լեգասովի ճակատագրի վերաբերյալ հատվածը, գրում է govoritmoskva.ru-ն:

Գորբաչովի խոսքով՝ ինքը 1988թ.-ին ինքնասպան եղած ակադեմիկոս Լեգասովի կյանքի ու կարիերայի խնդիրների հետ որևէ կապ չունի:

Կա վարկած, ըստ որի գիտնականի նկատմամբ գաղտնի հալածանքները սկսվել են, երբ վերջինս Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաժողովում Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառների ու հետևանքների մասին վկայող գաղտնի փաստեր է հնչեցրել:

Սերիալի սյուժեով Լեգասովը հնչեցնում է պաշտոնական վարկածը, սակայն հետո խղճի խայթից դրդված կոնֆլիկտի մեջ է մտնում իշխանությունների հետ և ինքնասպան լինում:

Սերիալում Լեգասովին իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով չեն շնորհել Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, Գորբաչովի հրամանով է եղել:

«Ես նման հրաման չեմ տվել: Իսկ բացի ինձնից ո՞վ պիտի տար: Դա հորինվածք է»,- ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը: Գորբաչովը նշել է նաև, որ դեռևս չի հասցրել դիտել հեռուստասերիալը, քանի որ «ամբողջ ժամանակ հիվանդանոցում է»:

Հիշեցնենք, որ 5 մասից բաղկացած հեռուստասերիալը նկարահանվել է HBO և Sky հեռուստաալիքների կողմից: