Ռուսաստանում սպորտի վարպետն սպանվել է` պաշտպանելով անծանոթ հղի կնոջ

03:20 • 10.06.19

Նախօրեին Ռուսաստանում սպանվել է հունահռոմեական ոճի ըմբիշ, սպորտի վարպետ 34-ամյա Սերգեյ Չուևը: Նա Մոսկվայում դարձել է երեք չարագործի զոհ: Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հայտնի են դարձել մարզիկի մահվան հանգամանքները:

Չուևը մահացել է` պաշտպանելով անծանոթ հղի կնոջ, որի նկատմամբ ոտնձգություններ էին կատարում երեք տղաներ: Նա այդ տարածքով անցնելիս է եղել իր ընկերուհու հետ և որոշել է օգնել կնոջը, սակայն մարդասպանները հարձակվել են նրա վրա և գցել լիճը, որից հետո նրան թույլ չեն տվել դուրս գալ ջրից` մինչև մարզիկը կորցրել է գիտակցությունը, ապա` մահացել:

Հանցագործները դիմել են փախուստի, սակայն ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել նրանց: Ըմբիշի ընկերները Չուևին բնորոշել են որպես մի անձնավորության, որը մշտապես օգնության ձեռք էր մեկնում ոչ միայն ընկերներին, այլև դրա կարիքն ունեցողներին: