Լոնդոնում հաջողվել է մարել 7 հարկանի շենքում բռնկված հրդեհը. կան տուժածներ
Հարյուրավոր հրշեջներին հաջողվել է մարել Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանում տեղակայված 7 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհը: Այրվել է 20 բնակարան, ևս 10 բնակարան զգալի վնասվել է: Այս մասին հայտնում է Regnum-ը` հղում անելով քաղաքի հակահրդեհային ծառայությանը:
Նշվում է, որ կան տուժածներ` մեկ տղամարդ և մեկ կին: Մինչ այժմ չեն պարզվել հրդեհի բռնկման պատճառները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 15 հրշեջ մարտական հաշվարկ և հակահրդեհային ծառայության մոտ 100 աշխատակից ուղարկվել էին այրվող բազմաբնակարանային շենքի մոտ, որը գտնվում է Դե Պաս Գարդենս փողոցում: Նշվում էր նաև, որ շենքի բոլոր բնակիչները, հավանաբար, հասցրել էին ժամանակին դուրս գալ տներից և որ դրանով է պայմանավորված տուժածների քիչ քանակությունը:










