Ըստ Ղազախստանի ԿԸՀ նախնական արդյունքների՝ Քասիմ Ժոմարտ Տոկաևը 70,76 տոկոս ձայնով հաղթել է ընտրություններում
Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ Ժոմարտ Տոկաևը 70,76 տոկոս ձայնով հաղթում է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Պետրովը:
Պետրովի տվյալների համաձայն՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաևան հավաքել է 5,2 տոկոս ձայն, լրագրող և քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2 տոկոս: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 7 թեկնածու:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Քասիմ Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար:
«Ուրախ եմ, որ նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ բնույթ կրեց, հանգիստ անցավ: Ըստ էության՝ դա նախընտրական ծրագրերի մրցապայքար էր, միմյանց հասցեին անհիմն քննադատություններ չհնչեցին»,- հայտարարել է Տոկաևը:
Նրա խոսքով՝ դա խոսում է երկրում քաղաքական մշակույթի բարձր մակարդակի մասին: Շտաբի հաղորդման համաձայն՝ միջազգային դիտորդները ևս հաստատել են, որ նախագահական ընտրություններն անց են կացվել առանց խախտումների՝ թափանցիկ պայմաններում:
Մարտին Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարական էր տվել, որից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Քասիմ Ժոմարտ Տոկաևը: Նա մինչ այդ խորհրդարանի վերին պալատի խոսնակն էր։










