Տրիպոլիում ապրիլի սկզբից ի վեր զինված բախումների հետևանքով շուրջ 650 մարդ է զոհվել

11:25 • 10.06.19

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի շրջակայքում ապրիլի 4-ից ի վեր զինված բախումների հետևանքով առնվազն 653 մարդ է զոհվել, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիբիական մասնաճյուղի թվիթերյան գրառման մեջ: Նշվում է, որ զոհերից 41-ը խաղաղ բնակիչներ են:

Բախումներից ի վեր վիրավորվել է 3547 մարդ՝ ներառյալ 126 խաղաղ բնակիչ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում տուժած քաղաքացիների թվում 3 բուժաշխատող կա:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին մարշալ Հաֆթարին ենթակա բանակային ուժերը գրոհ են սկսել Տրիպոլիի դեմ:

Լիբիայում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Կադաֆիի սպանությունից հետո: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ: