Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 400 կգ կոկաին է հայտնաբերվել Էկվադորից տեղափոխվող պահածոներում
Սանկտ Պետերբուրգի ծովային նավահանգստում սահմանապահները շուրջ 400 կգ կոկաին են առգրավել, որի արժեքը կազմում է 4.5 մլրդ ռուբլի: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Դաշնային մաքսային ծառայությանը:
Նշվում է, որ խոշոր քանակով թմրանյութը հայտնաբերվել է Էկվադորից ձկնային պահածոներ տեղափոխող կոնտեյներում: Իրավապահների խոսքով՝ առգրավվել է թմրանյութի ավելի քան 2.5 մլն չափաբաժին:
Կոնտեյների բացման ժամանակ պահածոներով տուփերում պարկեր են հայտնաբերվել, որոնցում էլ ուղղանկյուն տեսք ունեցող սպիտակ փոշիանման զանգվածով կապոցներ են եղել՝ յուրաքնաչյուրը 1 կգ քաշով:
Քիմիական հատուկ քննությունը հաստատել է, որ հայտնաբերված նյութը կոկաին է: Ներկա պահին ՆԳՆ աշխատակիցներն ու սահմանապահները խուզարկություն են իրականացնում՝ մաքսանենգ ապրանքի տեղափոխման հետ կապ ունեցող մարդկանց հայտնաբերելու նպատակով: 










