Իսրայելի զինվորականների և պաղեստինցի ուժայինների միջև այս գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել

13:01 • 11.06.19

Այս գիշեր իսրայելցի զինվորականների և Պաղետինի ազգային վարչակազմի ուժային կառույցների աշխատակիցների միջև Հորդանան գետի արևմտյան ափին փոխհրաձգություն է տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Նաբլուս քաղաքում ահաբեկչական տարրերի ձերբակալության նպատակով անցկացվող գործողության ժամանակ: Իսրայելական բանակի տվյալներով՝ մեկ գիշերվա մեջ Հորդանանի արևմտյան ափին զանգվածային անկարգություններին մասնակցության և ահաբեկչական գործունեության համար կասկածվող 18 պաղեստինցի է ձերբակալվել:

Իսրայելը հայտնել է, որ իր կողմից զոհեր չկան, և պարզաբանել, որ իսրայելցի զինվորականներն ուժայիններին որոնվող գրոհայինների հետ են շփոթել: Իշխանությունները խոստացել են դեպքի առնչությամբ հետաքննություն սկսել:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով Պաղեստինի կանխարգելիչ անվտանգության ծառայության սպա է վիրավորվել: