Մանչեսթրի օդանավակայանում ուղևորը թռիչքից առաջ պատահաբար բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռը՝ շփոթելով այն զուգարանի հետ
«Պակիստանի ավիաուղիներ»-ի ուղևորը պատահաբար բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռը՝ շփոթելով այն զուգարանի դռան հետ: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է The New York Post-ը:
«Պակիստանի ավիաուղիներ»-ի 702 չվերթի ինքնաթիռը պատրաստվում էր Մանչեսթրից դեպի Իսլամաբադ թռչել:
Աղբյուրը մանրամասնել է, որ թռիչքի նախապատրաստման ընթացքում ուղևորներից մեկը, անտեսելով «ամրացնել անվտանգության գոտիները» հրամանը, վեր է կացել տեղից և գնացել զուգարան, սակայն զուգարանի դռան փոխարեն նա բացել է վթարային ելքի դուռը:
Նշվում է, որ ինքնաթիռում եղած բոլոր 37 ուղևորները ստիպված են եղել լքել ինքնաթիռը, իսկ թռիչքը հետաձգվել է ութ ժամով:










