Հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ, որը թույլ չի տա, որ նախարարը խճճվի․ Արայիկ Հարությունյանը՝ սուպերնախարարության բարդության մասին (տեսանյութ)

17:00 • 12.06.19

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ նախարարությունը նոր կառուցվածքով լավ է աշխատում։

«Թու, թու, թու՝ աշխատանքը վատ չի գնում, որովհետև նախարարության աշխատակազմերը, հատկապես վերջին ամսվա ընթացքում, բավականի աշխատանք կատարել էին նախարարության բնականոն աշխատանքն ապահովելու համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Հարությունը չհերքեց, որ մշակույթի ոլորտում շատ խնդիրներ կան, օրինակ՝ թատրոնների, հուշարձանների պահպանության, մշակութային օղակների արդյունավետության և այլնի հետ կապված հարցեր։

«Կա մշակութային քաղաքականության տեսլականի հարց, որը դրվել է նոր փոխնախարարների առաջ։ Առաջիկա 3 ամսվա ընթացքում կմշակենք մշակույթի զարգացման նոր ռազմավարությունը։ Սպորտի ոլորտում էլ հարցերը շատ են՝ սպորտդպրոցներ, մասսայական սպորտի հետ կապված խնդիրներ և այլն»,- մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։

Նախարարը շեշտեց՝ կարգավորման ենթակա ոլորտները շատ են, բայց նախարարությունում լավ թիմ է հավաքվել․ «Բոլոր նշանակումները կան, շուտով մի քանի խորհրդականների նշանակումներ էլ կլինեն, և ինքներդ կհամոզվեք, որ այն պրոֆեսիոնալ թիմը, որը հավաքվել է այնտեղ, թույլ չի տա, որ նախարարը խճճվի»։

ՀեղինակԱնի Օհանյան