Կոնդն այն դեպքն է, որ զրոյից սկսած լավ և համալիր լուծում կարող ենք ունենալ․ Հայկ Մարության

15:58 • 12.06.19

Օպերայի շրջակայքի որոշ սրճարանների ապամոնտաժման հետ կապված դատական գործընթաց կա, հենց ավարտին հասնի՝ կշարունակենք։ Այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժմանը։

Նա շեշտեց՝ իրենք գործում են բացառապես իրավական դաշտում, այլ դաշտ չունեն։

Նա անդրադարձավ նաև տրանսպորտի նոր ցանցին: «Ծրագիրը պատրաստել ենք, ներկայացրել ենք կառավարությանը, կառավարությունը հավաքում է աշխատանքային խումբ, իսկ վարկը պետք է պետությունը վերցնի, մենք չենք կարող վերցնել»,- ասաց նա։

Քաղաքապետը, խոսելով Կոնդ թաղամասի հետ կապված չափագրումների խնդրի մասին, հայտարարեց, որ այնտեղ խնդրի համալիր լուծում է հարկավոր։

«Սա այն հազվադեպ իրավիճակներից է, երբ մենք կարող են զրոյից սկսած լավ լուծում ունենալ և համալիր լուծում ունենալ։ Այսինքն՝ ոչ թե սկսենք առանձին լոտեր կառուցել՝ մի տեղ ի շենք, մի տեղ այլ շենք, այլ պետք է համալիր լուծում տանք, վերջնական պատկերացնենք, թե ինչ է իրենից ներկայացնելու Կոնդ թաղամասը»,- ընդգծեց Հայկ Մարությանը։

Ինչ վերաբերում է 46 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդի հետ կապված միջադեպին, երբ վերջինս հրաժարվել էր ուղևորի պահանջով դադարեցնել ծխելն ու վիճել էր նրա հետ, քաղաքապետը շեշտեց, որ դա խախտումը չէ, որ կատարվում է Երևանի ճանապարհային երթևեկության և տրանսպորտի համակարգում

«Այդ վարորդին աշխատանքից ազատել-չազատելու հարցը որոշել է մասնավոր ընկերությունը, իսկ մենք կարող ենք միայն տուգանել այդ վարորդին կամ պահանջ դնել, ինչը դրված է բոլոր վարորդների առաջ։ Սա միակ խախտումը չէ, որը կատարվում է Երևանի ճանապարհային երթևեկության և տրանսպորտի համակարգում։ Մի վարորդը ծխում է, մյուսը՝ աղբ նետում: Չեմ չափազանցնում, բայց օրական մի քանի անգամ մեքենաս կանգնեցնում եմ և դիտողություն անում պատուհանից աղբ նետողներին: Անգամ տոպրակով աղբը շպրտում են փողոց: Օրը 3-4 անգամ այդպես է պատահում»,- եզրափակեց Հայկ Մարության։

ՀեղինակԱնի Օհանյան