Մարգարիտա Գրիգորյանը շարունակելու է լինել Հ1-ի գործադիր տնօրենը, նախկինում հնչած բոլոր մեղադրանքները չունեն լուրջ հիմքեր․ Արա Շիրինյան (տեսանյութ)

16:38 • 12.06.19

Փոփոխություններ ցանկացած հիմնարկում միշտ տեղի են ունում, բայց եթե նկատի ունեք  խոշորածավալ կամ զանգվածային կադրային փոփոխություն, ապա ասեմ, որ չի լինելու։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանը։

Հարցին՝ Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Շիրինյանը կարճ պատասխանեց․ «Այո, նա շարունակելու է»։

Դիտարկմանը, որ Մարգարիտա Գրիգորյանը սեփական կադրային բանկ է բացել, Շիրինյանն արձագանքեց, որ անձամբ է ցանկանում ուսումնասիրություն անել, որից հետո նոր կարող է հետևություն անել։

«Այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ հրապարակային բան հայտնել։ Չեմ կարծում, որ նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»,- շարունակեց Արա Շիրինյանը։

Արա Շիրինյան, արձագանքելով քննադատություններին, որ իր անունը կապվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և հիմա էլ Հանրային հեռուստաընկերությունը դառնալու է այս իշխանությանը սպասարկող, շեշտեց․ «Ես կուսակցական պատկանելություն չունեմ, կարող եմ ունենալ որոշ համակրանքներ մարդկանց և քաղաքական տեսակետների նկատմամբ։ Իսկ որ Հանրային հեռուստաընկերությունը առաջին հերթին պետք է ծառայի հանրության շահին, այո՛, այդպես է: Ամեն ինչ անելու եմ այդ նպատակին հասնելու համար»։

ՀեղինակԱնի Օհանյան