Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

02:14 • 12.06.19

Հունիսի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի «Heritage Club» ուսանողական ակումբի անդամներին՝ համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Կապրիելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ լրատվության բաժինը: 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Մասիս Մայիլյանը գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև 2018 թ. հաստատված և դինամիկ զարգացող համագործակցության կապակցությամբ։ ԱԳ նախարարը նշել է փոխշահավետ համագործակցության պահպանման և հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և համահայկական նշանակության հարցերի առաջմղման գործում սփյուռքի դերին:

Հայկազյան համալսարանի ուսանողներն Արցախի արտաքին գործերի նախարարության գրադարանին են նվիրել պատմությանը և փիլիսոփայությանը վերաբերող գրքեր: