Դավիթ Խաժակյանի մերձավորի վերաբերյալ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել, մեկ ոստիկան կալանավորվել է. ՀՔԾ
Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը վերջերս դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին։
Այս առնչությամբ Tert.am-ը Հատուկ քննչական ծառայությունից հարցրեց, թե ինչ ընթացք է տրվել միջադեպին։
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Այդ գործի շրջանակներում երկու ոստիկանի մեղադրանքներ են առաջադրվել խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, կալանքի վերաբերյալ միջնորդություններից մեկը բավարարվել է»։
Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ մերձավորներից մեկին, որը վարձակալած տարածքում գործունեություն է ծավալել, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս մոտեցել են երկու անձ՝ հարբած վիճակում, ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո երկար ժամանակ մերձավորս ստիպված է եղել իրենցից պահանջել վկայականը: Քիչ անց նրանցից մեկը ներկայացրել է իր վկայականը. եղել է ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են մեքենա և տարել ոստիկանության բաժին: Բաժնի դիմաց ու ճանապարհին ևս նրան հարվածել են, որի հետևանքով կոտրվածք է ստացել դեմքի շրջանում։










